Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կտավներիդ մեջ հայերեն կխոսես»

Ապրիլ 15,2014 14:15

Հայաստանի անկախության հանրաքվեի 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի գծանկարի, գունանկարի եւ քանդակի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Սլավիկ Պարոնյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:
Խոսքը մարդու մտքերն ու զգացմունքներն արտահայտելու ամենալավ միջոցն է: Բայց խոսքի արվեստին լավագույնս տիրապետողներն անգամ հաճախ բախվում են մի իրավիճակի, երբ կարծես բառերը չեն հերիքում, երբ ամենադիպուկ արտահայտություններն անգամ ասելիքի համեմատ թույլ են թվում: Նման դեպքերում մտածում ես, որ նկարիչները, երաժիշտները կամ ցանկացած այլ արվեստի տիրապետողներն արտոնյալ մարդիկ են, որոնք ունեն արտահայտվելու՝ խոսքից զորավոր միջոց: Ուրեմն խմբագրեմ վերեւում ասածս. խոսքը մարդու մտքերն ու զգացմունքներն արտահայտելու ամենատարածված միջոցն է:

Ասում են` բոլոր մարդիկ մանուկ հասակում նկարելու ունակություն են ունենում, միայն թե քչերին է հաջողվում կյանքի ընթացքում պահպանել ու զարգացնել այն, իրենց ներսում պահել երեւակայության ճախրանքը, աշխարհին յուրովի նայելու կարողությունը, ներկապնակի գույներով զինված՝ սպիտակ կտավի առաջ կանգնելու «քաջությունը»: Բայց մաքուր կտավի հետ «մենամարտում» հաղթելու համար նկարիչն իր հոգու խորքում ամենից առաջ պիտի մի քիչ երեխա մնա, այսինքն՝ պիտի պահի իր մեջ այն հասակը, երբ բոլոր մարդիկ նկարելու ունակություն են ունենում:

Ես շատ նկարիչների եմ ճանաչում. ոմանց անձամբ, ոմանց՝ ականատեսների հուշերով ու վկայությամբ: Նրանք բոլորն էլ, իրենց խառնվածքների տարբերությամբ հանդերձ, շատ թե քիչ` ունեն այս բոլոր առանձնահատկությունները:

Այդպիսին է եւ իմ բարեկամ Սլավիկ Պարոնյանը` 82-ամյա մի տաղանդավոր մանուկ, որն իր արվեստով հիացնում, հմայում է ու անկասկած պիտի մնա հայ գեղանկարչության պատմության մեջ` որպես բարի ներաշխարհի, անկեղծ, շիտակ զգացմունքների, բնությանն ու բնականությանը նվիրաբերող արվեստագետ:
Սլավիկ Պարոնյանի կտավները դիտելիս միշտ մի խնդիր եմ ունենում` վերանալ ընտանեկան մտերմության, անձնական համակրանքի սուբյեկտիվ աշխարհից ու գնահատել նրա արվեստը` օբյեկտիվ արվեստասերի տեսանկյունից: Այդ անցումը ես հեշտությամբ եմ կատարում, եւ դրանում ինձ օգնում է հենց ինքը` նկարիչն` իր ստեղծածի անմիջականությամբ, իր նրբին, զգացական աշխարհով:

Պարոնյանի կտավներում չկան պաթետիկ գույներ ու գծեր, նրա գեղագիտության մեջ պարզը երբեք չի շփոթվում պարզունակի հետ, նրա բնապաշտությունը հանդարտ հոսող գետի ջրի պես պարզ է, արտահայտած զգացողություններն` անսքող, փոխանցած տրամադրությունը` հակված դեպի նախաստեղծ աշխարհի աներկբա մաքրությունը: Նրա կտավներում մարդու ստեղծածը` տուն, թե եկեղեցի, միաձուլված են բնապատկերին, Արարչի սրտով են, մանկան հոգու պես արդար: Այդպիսին է եւ նրա պատկերած մարդը` բնության հետ ներդաշնակ, ծաղկած ծառի պես պայծառ, միամիտ իմաստնությամբ: Սիրում եմ նրա «Ծիրանի ծառ», «Գարուն», «Աշունը լեռներում», «Այրիվանք» կտավների տպավորիչ աշխարհը: Դրանք դիտողին աննկատ տանում են դեպի ինքնաճանաչում եւ ինքնամաքրում:

Սլավիկ Պարոնյանն իր արվեստով շարունակում է իր մեծ ուսուցիչների` Սարյանի, Զարդարյանի եւ այլոց ավանդները` ստեղծելով իր` պարոնյանական աշխարհը եւ ուսուցիչ դառնալով գույների ու գծերի աշխարհը մուտք գործողների համար:

Սաղմոսավանի արվեստանոցի արտասովոր մեծ պատուհանից Սլավիկ Պարոնյանը տեսնում է աշխարհի բոլոր ծայրերը ու աշխարհի կենտրոնը` բազմագույն ու բազմաձեւ իր փոքրիկ Հայաստանը: Եվ որտեղ էլ որ լինի, լսում է մեծն Սարյանի` իրեն տված պատգամը, երբ դեռ տակավին երիտասարդ էր` «Կտավներիդ մեջ հայերեն կխոսես»:
Ես մի փոքրիկ փորձ արեցի` բառերով արտահայտելու ինձ համար մի շատ սիրելի մարդու գեղեցիկ վաստակը, բայց բառերն, իսկապես, երբեմն չեն հերիքում: Կուզեի կտավի ու գույների միջոցով արտահայտել խոհերս ու զգացմունքներս, բայց դա շնորհյալների անելիքն է:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
17 հոկտեմբերի 2012

Այսօր հողին կհանձնվի ժողովրդական նկարչի դին:
Ցավակցում ենք նրա հարազատներին ու մտերիմներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930