Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ երիտասարդություն

Ապրիլ 15,2014 14:05

Սիրելի են այն մարդիկ, որոնք հոգով ու խելքով միշտ երիտասարդ են եւ առաջացած տարիքում էլ ժողովրդին ասելիք ու տալիք ունեն: Դրա համար էլ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանին, որը դիվանագիտությանը նվիրված արժեքավոր գրքերի հեղինակ է, ճանաչված քաղաքագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ամբիոնի վարիչ, ի դեպ` այդ պաշտոնը ստացել է վերջերս, չեմ ուզում ասել`«Շնորհավոր ծննդյանդ 75-ամյակը», այլ`«Շնորհավոր ծննդյանդ հոբելյանը. իմաստուն, շատերի սերն ու հարգանքը վայելող երիտասարդ Արման Նավասարդյան»:

Բնական է, որ շնորհավորանքին պետք է հաջորդեն մաղթանքները.
– Սիրելի հոբելյար, մաղթանքներից ամենամեծը` մնա միշտ եռանդով լեցուն, մեր կյանքի փոթորկոտ օրերի մեկնաբան եւ ուժերիդ ներածին չափով օգնիր ժողովրդին ճիշտ կողմնորոշվելու:

Գիտեմ, որ հատուկ սեր ունես երիտասարդ սերնդի հանդեպ ու նրա հետ մեծ հույսեր ես կապում: Դեռ անցյալ դարի վերջերին, երբ Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էիր, հետեւում էի տեղի հայկական թերթերում քո հեղինակած հոդվածներին, որոնց առանցքը Սփյուռք- Հայրենիք հարաբերություններն էին, ազգային մշակույթի զարգացման խթանումը եւ օտարության մեջ մատաղ սերնդի հայեցի դաստիարակումը: Ուզում եմ առանձնացնել Բեյրութում 1999 թ. ապրիլի 24-ին համաաշակերտական հավաքին ունեցածդ ելույթը. դատապարտելով 1915 թ. հրեշավոր իրողությունը` Ցեղասպանությունը, մասնավորապես նշել ես.
«… 1991 թ. Հայաստանը ձեռք բերեց լիակատար անկախություն եւ, ի հեճուկս Թուրքիայի, իր արժանի տեղը գրավեց միջազգային ընտանիքում:
Սիրելի աշակերտներ, ի՞նչ կարող եմ ձեզ մաղթել այս հիշարժան օրը. ամենից առաջ հայ մնալ կրոնով, հոգով, լեզվով, մտածողությամբ ու սովորույթներով: Ձեր նախնիներին չկարողացան հաղթել ուժով ու զենքով: Դուք չենթարկվեք սպիտակ ջարդին: Մեր ժողովրդի, հայրենիքի ապագան մատաղ սերնդի ձեռքերումն է: XXI դարը լինելու է բարձր զարգացման եւ մտավորականի դար: Հայրենիքն ու Սփյուռքը դուք կարող եք բարձր պահել միայն այն դեպքում, եթե լինեք զարգացած եւ ուժեղ մարդիկ:

Մեր ազգի առջեւ դրված են համահայկական խնդիրներ` Ցեղասպանության ճանաչում, Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորում, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացում եւ ուրիշ հարցեր: Դրանց լուծմանը կարող ենք հասնել միայն միասնական ջանքերով, միասնաբար եւ միակուռ լինելու պարագայում: Այսօր, այստեղ հավաքված են հայկական բոլոր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները: Ե՛վ ցանկանում եմ, եւ՛ մաղթում, որ այս Սուրբ Խաչի տակ եղած համախմբումը շարունակվի եւ հարատեւի ազգային մեր բոլոր գործերում, քանզի մեր փրկությունը, Հայաստանի ապագան մեր միասնության մեջ է»: Այս մաղթանքն այսօր էլ չի կորցրել իր այժմեականությունը:
Նավասարդյանը Մոսկվայում ստացել է մասնագիտական բարձր կրթություն եւ երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում ու նրա արտասահմանյան ներկայացուցչություններում: Մասնագիտական ինչպիսի հեղինակություն պետք է ունենար, որ նորանկախ Հայաստանում նշանակվեր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար (հիշենք, որ խորհրդային պաշտոնյաներին այդ տարիներին չէին վստահում): Այնուհետեւ Նավասարդյանն աշխատել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավստրիայում ու Հունգարիայում, ԵԱՀԿ-ում եւ Վիեննայում ՄԱԿ-ի ինստիտուտի ՀՀ ներկայացուցիչ եւ, ինչպես նշեցի, Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Գուցե քչերը գիտեն, որ նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է Հայաստանի ռադիոյում. բնությունից օժտված գեղեցիկ ձայնը, ճիշտ առոգանությունը եւ, իհարկե, բնածին խելքը նպաստեցին, որ դառնա հաղորդավար: Ռադիոյից է գալիս Նավասարդյանի մաքուր հայերենով, կիրթ, առինքնող խոսքը: Եվ որքան զորեղ է նրա գրավոր, այնքան էլ զորեղ է նրա բանավոր խոսքը: Արմանն իր հեռուստատեսային ելույթներում մեկնաբանությունների ժամանակ երբեմն ասում է բաներ, որ հնչում են որպես կանխատեսումներ. չէ որ իսկական քաղաքագետը պետք է կարողանա առաջ անցնել, տեսնել իրադարձությունների հետագա զարգացումները: Եվ այս առումով լավ կլիներ, որ պատկան մարմինները ականջալուր լինեին նրա ասածին եւ հետեւություն անեին:
Ես հիշատակեցի, որ Արման Նավասարդյանը նաեւ դիվանագիտությանը նվիրված գրքերի հեղինակ է: Դրանցից մեկը` «Դիվանագիտություն» ստվարածավալ աշխատությունը, որ մեր իրականությունում իր տեսակի մեջ եզակի է եւ հատկապես պահանջված ուսանողության կողմից, արժանի է, որ ընդունվի որպես գիտական թեզ: Արմանը չի ընկել կոչումների հետեւից` վաղուց կարող էր լինել գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, բայց գլուխը կախ աշխատել է, ստեղծագործել եւ պատահական չէ, որ այսօր նրան հրավիրել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան՝ ղեկավարելու Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնը:

Կեցցես Արման Նավասարդյան, շարունակիր մնալ այդպես երիտասարդ, մեղվի պես աշխատասեր` հուրախություն քո հարազատների, մտերիմների եւ գրքերիցդ, թերթերից ու հեռուստատեսային ելույթներից քեզ ճանաչող ու հարգող մարդկանց:

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ

արձակագիր, լրագրող

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930