ԱԺ Էթիկայի հանձնաժողովում այսօր լսվեց եւ կարճվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել էր էթիկայի հանձնաժողովին հարցով՝ կարո՞ղ է արդյոք ինքը կատարել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի խնդրանքը եւ հասարակական հիմունքներով, առանց վճարվելու ղեկավարել օրաթերթի խմբագրական խորհուրդը: Հարցը քննվել է էթիկայի հանձնաժողովում եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.2 եւ 24.3 հոդվածների համաձայն կարճվել է: Բանն այն է, որ էթիկայի հանձնաժողովն այս հարցը իր ենթակայությունից դուրս է համարել, քանի որ խոսքը ոչ վճարովի, հասարակական հիմունքներով աշխատանքի մասին է: Եթե խոսքը գնար վճարովի աշխատանքի մասին՝ այդ դեպքում էթիկայի հանձնաժողովը պարտավոր էր եզրակացություն տալ՝ արդյոք դա ստեղծագործական կամ գիտամանկավարժական գործունեությո՞ւն է, թե՞ ոչ, քանի որ Սահմանադրությամբ մեր պատգամավորները իրենց հիմնական աշխատանքից բացի իրավունք ունեն զբաղվելու եւ աշխատավարձ ստանալու միայն գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքի համար:
«Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է վարվել՝ դիմելով էթիկայի հանձնաժողովին, որովհետեւ հենց նմանատիպ հարցերն են, որ ենթակա են քննվելու մեր հանձնաժողովում: Շատ կոնկրետ խնդիր է՝ պատգամավորը չպետք է զբաղվի այլ գործունեությամբ, բացի ստեղծագործական եւ գիտամանկավարժական գործունեությունից, իսկ էթիկայի հանձնաժողովը պիտի տա եզրակացություն՝ տվյալ աշխատանքը ստեղծագործակա՞ն է, թե՞ ոչ»,-ասաց հանձնաժողովի նախագահը՝ մինչ այդ նկատելով, որ պատգամավորների վարքագծի հետ կապված հարցերը, որոնցով ավելի հաճախ դիմում են իրենց հանձնաժողովին, «աբստրակտ» են, եւ որպես օրինակ բերեց հետեւյալը՝ կարմիր լույսի տակ փողոցն անցնելը վարքագծի խախտո՞ւմ է, թե՞չէ, ի՞նչ իրավական հիմքերով պետք է դա քննվի…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ