«Մենք արդեն իսկ հայտնվել ենք աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ Հայաստանի ներքին հարաբերությունները ոչինչ չեն փոխելու, եթե չլինեն որակական փոփոխություններ: Հայաստանի համար ավարտվեց երկակի խաղերի ժամանակաշրջանը: Բայց այսօր իրավիճակ է փոխվել եւ Հայաստանից հստակ դիրքորոշում են պահանջում, ինչն էլ արեց Սերժ Սարգսյանը»,- այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը:
Հնարավոր ներքաղաքական զարգացումների համատեքստում անդրադառնալով քառյակի հետագա գործունեությանը եւ ՀԱԿ-ի երեկ տարածած հայտարարությանը, որ հաջորդ քայլով անհրաժեշտ է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մովսես Շահվերդյանն ասաց, որ իր համոզմամբ ավելի իրատեսական կլինի, որ քառյակն այս պահին պահանջի իշխանափոխություն` խորհրդարանական մակարդակում. «Պետք է նոր խորհրդարան ձեւավորել, նոր մտածել նախագահական ընտրությունների մասին»:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին էլ՝ բանախոսը գտնում է նաեւ, որ Հայաստանում այս պահին սահմանադրական փոփոխություն կարելի է անել մեկ նպատակով`եթե դրանք շատ կարճ ժամանակում պետք է դրվեն հանրաքվեի, երկրում հաստատվի պառլամենտական կարգ եւ գնալ նոր խորհրդարանական ընտրությունների: Այլապես, այդ հարցը, Մովսես Շահվերդյանը վտանգավոր է համարում եւ գտնում է, որ այն օրակարգից պետք է հանել. «2015 թվականին Հայաստանը կարող է հասնել այն իրավիճակին, ինչ հարյուր տարի առաջ էր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ