Հատվածներ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Նախագահ Ս.Սարգսյանը, ինչպես ինքը տեղեկացրեց, նոր վարչապետի նշանակման փուլում զրուցել է գործադիրի, ՀՀԿ խորհրդի անդամների, ինչպես նաեւ կուսակցության համակիրների ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ, համադրելով նրանց կարծիքները, վարչապետի պաշտոնում նպատակահարմար համարել Հովիկ Աբրահամյանի նշանակումը: Կարելի՞ է ասել, որ նորանշանակ վարչապետը տարբեր ուժերի համար ընդունելի քաղաքական ֆիգուր է:
-Ձեր գնահատականը շատ տեղին է, քանի որ Հովիկ Աբրահամյանը, իրոք, ընդունելի է բոլոր կողմերի համար ու վայելում է տարբեր ուժերի համակրանքը, վստահությունը: Եվ սա քննարկումների արդյունքում ձեւավորված կարծիք է: Սա նաեւ նշանակում է, որ այդ քննարկումների ժամանակ մեծամասնության արտահայտած տեսակետը նախագահն արտահայտեց իր կայացրած որոշման մեջ:
-«Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից». նախագահի այս խոսքը թո՞ւյլ է տալիս ենթադրել, որ նոր կառավարությունը կլինի բազմակուսակցական, այսինքն` կոալիցիոն:
Կարդացեք նաև
-Կարծում եմ` այո: Չափազանց կարեւորում եմ նախագահի այս միտքը, քանի որ որպես նոր կառավարության ձեւավորման հիմնական չափորոշիչ սահմանվեց մարդկանց մասնագիտական կարողությունը:
Կառավարության ձեւավորումը ընթացքի մեջ է, համաձայն սահմանադրության պահանջի, վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում կառավարության կազմն ամբողջությամբ կձեւավորվի, ու բացառված չէ, որ այլ քաղաքական ուժեր տարբեր ձեւաչափերով մասնակցեն նոր կառավարության ձեւավորմանը: Իսկ տարբեր ձեւաչափեր ասելով՝ նկատի ունեմ այն, որ, օրինակ, կարող են կոալիցիոն կառավարության մաս կազմել, բայց կառավարության գործունեության համար չստանձնել լիարժեք, ամբողջական պատասխանատվություն:
-Այսինքն՝ այն կարող է ունենալ մասնակի՞ բնույթ:
-Այո, չեմ բացառում, որ կգործի համագործակցության հետեւյալ ձեւաչափը, կոալիցիա` մասնակի պատասխանատվությամբ: Մեր երկիրն արդեն իսկ ունի նման փորձ, մեր գործադիրի «կյանքում» եղել են նման դրվագներ, երբ բացարձակ պատասխանատվության ստանձնումը չի եղել նախապայման կոալիցիա ձեւավորելու կամ պորտֆելներ ստանալու համար:
-Որպես կանոն, յուրաքանչյուր նոր վարչապետ գալիս ու իր նոր թիմն է ձեւավորում, այս առումով, կադրային ջարդ սպասե՞նք կառավարությունում:
-Կադրային ջարդի մասին խոսք լինել չի կարող, եւ չեմ կարծում, որ 12-րդ կառավարությունն իր առաջ դրած խնդիրները ձախողել է այնպես, որ այսօր առաջացել է բոլոր նախարարներին փոխելու անհրաժեշտություն:
Բայց ինչպես հանրապետության նախագահն ասաց իր խոսքում` նոր կառավարությունում կլինեն որոշակի փոփոխություններ: Իսկ դրա անհրաժեշտությունը կա հենց այն իմաստով, որ նոր հարցերի, խնդիրների լուծումը կառավարությունից պահանջելու է նոր մասնագետների ներգրավում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում