«Մենք նման խնդիր չունենք»,-հարցին արդյոք ԲՀԿ օրակարգում կա՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Aravot.am-ի հարցին՝ բայց ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, հետևաբար ինչպես իրենք են ներկայացնում ժողովրդի ձայնը բարձրացնող քառյակը ինչու՞ չի բարձրացնում նախագահի հրաժարականի հարցը, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ իրենց առաջնային խնդիրը տնտեսական քաղաքականության փոփոխումն էր:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակման փաստին, պարոն Խաչատրյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր»:
Այնուհետև ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե կյանքը ցույց տվեց, որ ակադեմիական գիտելիքներն էին, որ մեզ այս վիճակին հասցրեցին:
Կարդացեք նաև
Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց. «Տիգրան Սարգսյանի տնտեսագիտական փորձը խանգարեց նրան»:
Հարցին ո՞ր հարցերում սայթաքեց Տիգրան Սարգսյանը, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Սայթաքում են սառույցի, կամ բանանի կճեպի վրա: Երբ բիոզուգարաններ էին գնում, վարչապետը չէ՞ր հասկանում, որ կարելի է այդ գումարներն ուղղորդել դեպի Վարդենուտի ջրամբարի յոթանասուն հազարանոց կառուցմանը: Կամ, երբ պարզվեց, որ լեկցիա են կազմում ինչպես կովի ծծերը լվալ, մի՞թե դժվար էր մտածել, որ տասնյոթ միլիոնը, եթե ավելացնեին սուբսիդավորման վարկերը գյուղատնտեսական ոլորտում կավելանային»:
Aravot.am-ի մյուս հարցին՝ արդյոք համամի՞տ է այն մտքին, որ Հովիկ Աբրահամյանի նշանակման առաջնային խնդիրն էր կապել ԲՀԿ-ի ոտքերն ու ձեռքերը, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ ձևով կարող է կապել ԲՀԿ-ի ոտքերն ու ձեռքերը: Մեր ոտքերն ու ձեռքերը կարող են կապել իրենց լավ գործողություններով»:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է շարունակվեն ԲՀԿ-ն լքելու քայլերը, ինչպես օրինակ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը, պարոն Խաչատրյանն ասաց. «Քաղաքական գործընթացներում նման բաներ հնարավոր են»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք նոր կառավարությունը հնարավո՞ր է վերանայի կուտակայինի պարտադիր բաղադրիչը, պարոն Ալեքսանյանն ասաց. «Դա ծրագրային հարց չէ: Թե ոնց կվերջանան քննարկումները հետո կերևա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ