ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր «Առավոտի» եւ «Ա1+»-ի հարցերին՝ կապված վաղը սպասվող ՕԵԿ քաղխորհրդի նիստի հետ, պատասխանում էր միայն մի նախադասությամբ՝ «Վաղը քաղխորհրդի նիստը կլինի, ամեն ինչ պարզ կլինի»:
«Նոր ստեղծված քաղաքական իրավիճակն ենք քննարկելու, ՕԵԿ բարձրագույն մարմնի նիստ է լինելու, բազմաթիվ հարցեր ենք քննարկելու»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե թերթերում արդեն հստակ գրել են, որ ՕԵԿ-ը դուրս է գալու կոալիցիայից, Հովհ. Մարգարյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, անհեթեթություն եմ համարում, երբ մեկը փորձում է դեռ քաղխորհրդի նիստը չեղած քննարկել նիստում ընդունվելիք որոշումները, ինչ-որ բաներ ասել դրանց մասին: Ով ինչ ուզի կխոսի, բայց սպասեք նիստը լինի` հստակ կպատասխանենք»: «Ա1+»-ի ճշտող հարցին՝ այդ նոր քաղաքական իրավիճակում որտե՞ղ եք տեսնում ՕԵԿ-ի տեղը, ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Նոր իրավիճակի հետ կապված ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել, տարբեր հարցեր կքննարկվեն, այդ թվում նոր իրավիճակում ՕԵԿ-ի դիրքը, տեղը, դերը եւ այլն, «Օրինաց երկիրը» միշտ էլ առանցքային դերակատարություն է ունեցել մեր քաղաքական դաշտում եւ կունենա, քաղխորհրդի նիստը կլինի, կքննարկենք, կորոշենք, տեղյակ կպահենք բոլոր հարցերի մասին»:
Մեր հարցին՝ բայց ի՞նչ քաղաքական իրավիճակ է փոխվել, բացի նրանից, որ վարչապետն է փոխվել, պարոն Մարգարյանը պատասխանեց՝ «ո՞նց, նոր կառավարություն կլինի, նոր ծրագիր…»
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ