«Տիգրան Սարգսյանը փոխարինվեց Հովիկ Աբրահամյանի պես անձով, որը որ մի կողմից ունի բացառապես կազմակերպչական բավականին լավ ունակություններ, դրա հետ մեկտեղ չունի դրական համբավ հասարակության մեջ» ,- այսօր՝ ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ այդ հանգամանքը բացատրվում է նրանով, որ նախագահը եւ քաղաքական վերնախավը ցանկանում էին որպես վարչապետ ունենալ մի մարդու, որը հասարակության կողմից դրական ընկալում չուներ, քանի որ երբ Տիգրան Սարգսյանը դարձավ վարչապետ նա հասարակության մոտ լավ համբավ ուներ, որը չկարողացավ պահպանել: Քաղաքագետի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանին նման խնդիր չի սպառնում.
«Յուրաքանչյուր մարդ, ում նշանակեն Հայաստանի Հանրապետության վարչապետ շատ կարճ ժամանակում լուրջ խնդիր կունենա համբավի հետ, այդ առումով Հովիկ Աբրահամյանը խնդիրներ չի ունենա, որովհետեւ նախագահը հասկանում էր, որ դա չէր նպատակը եւ դա չէր խնդիրը: Գլխավոր խնդիրը, որ դրված է նոր վարչապետի առաջ, ընդլայնել Սերժ Սարգսյանի եւ իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական հիմքը»:
Սերգեյ Մինասյանը համարում է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է շփվել տարբեր կուսակցությունների անդամների եւ տարբեր անհատների հետ եւ նաեւ ունի կազմակերպչական ունակություններ ունի, որը պայմանավորում է նրանով, որ նա երկու անգամ գլխավորել է ՀՀԿ կուսակցության նախընտրական շտաբը: Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանի այդ ունակություններն են շարժառիթ հանդիսացել, որ նա ընտրվել է որպես Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետ:
Կարդացեք նաև
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Հայաստանում ներաքաղաքական ինտրիգը կշարունակվի, այս անգամ կառավարության նոր անդամների հետ կապված, եւ այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանին լայն ազատություն է տրված ընտրել նոր կառավարության անդամներին դա էլ իր հերթին իրավիճակին ինտրիգ կավելացնի:
Aravot.am-ի այն հարցին, թե նոր կառավարության օրոք Հայաստանը ի՞նչ հարաբերություն կունենա Մաքսային միության եւ Եվրամիության հետ, քաղաքագետը պատասխանեց, որ արտաքին քաղաքականության լուրջ փոփոխություն թե՛ Մաքսային միության, թե՛ Եվրամիության հետ չենք ունենա, փոխարենը՝ կունենանք այլ պատկեր Հայաստանի ներքին քաղաքական դաշտում.
«Մաքսային միությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների այն գործընթացը, որը որ ունի, առնվազն ստիպում է Հայաստանի իշխանություններին ավելի քիչ ուշադրություն դարձնել այդ հարցերում արտաքին աշխարհի կարծիքին: Մենք դա պետք է հասկանանք եւ պատրաստ լինենք: Դրա հետ մեկտեղ այն արտաքին քաղաքական կուրսը, որ կար մինչեւ ապրիլի երեքը, ապրիլի երեքից հետո դժվար էլ փոխվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ