Մեկնարկել է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը: Հավաստագրման քննությունները տեղի կունենան մայիսին:
Այդ քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է անցնեն վերապատրաստման կուրս: Սակայն գործընթացում կան որոշ խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում են հենց վերապատրաստող կազմակերպություններից: Պարզվում է, որ այս ոլորտում էլ են գործում մենաշնորհային սկզբունքներ ու ոչ հավասար մրցակցային պայմաններ:
Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց «Պեպանյան» ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Սամվել Պեպանյանը: Նա մասնավորապես ասաց. «Ինձ անհանգստացնում է այն, որ մենք կարողանանք ապահովել բացարձակ հավասարություն կազմակերպությունների միջև, դա նաև «Գնումների մասին » ՀՀ օրենքի պահանջ է: Գլխավոր մտահոգությունս այն է, որ որոշ մարդիկ, որ գործում են կրթության ոլորտում և վերապատրաստող կազմակերպությունների հովանավոր կամ հիմնադիր են, նրանք, կամ նրանց հետ կապ ունեցող մարդիկ հետագայում չպիտի լինեն հավաստագրման քննությունների հանձնաժողովի անդամներ: Կամ պետք է բոլոր վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչները ինչ-որ պարբերականությամբ և հավասար ընտրությամբ լինեն այդ կազմում»:
Պարոն Պեպանյանի կարծիքով` այս իրավիճակն է պատճառը, որ այժմ վերապատրաստվել ցանկացողների առաջին հարցերը ոչ թե վերաբերում են վերապատրաստման կուրսի որակին, ժամանակացույցին, այլ նրան, թե վերապատրաստողը հետագայում քննական հանձնաժողովում լինելո՞ւ է, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Սամվել Պեպանյանի մյուս մտահոգությունը կապված է հավաստագրման քննական գործընթացում բանավոր հարցերի հրապարակվելու հետ: Նա առաջարկում է. «Կան դիմորդներ, որոնց առաջին հարցն այն է, թե արդյոք վերապատրաստողը բանավոր հարցերի ցուցակին տիրապետում է, թե` ոչ: Ուստի այստեղ տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր: Դրանից խուսափելու համար թող հրապարակվեն բանավոր փուլի բոլոր հարցերը` առանց պատասխանների»:
Նշենք, որ դաշտում գործող «Մանկավարժական նախաձեռնություն»,«Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Կրթություն առանց սահմանի» կազմակերպությունները կապվում են ՀՀ ԿԳ փոխնախարարներ Մանուկ Մկրտչյանի, Կարինե Հարությունյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի անունների հետ, ինչն էլ մտահոգում է դաշտում գործող անձանց:
Aravot.am-ը այս մտահոգությունների վերաբերյալ պարզաբանումներ ստացավ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Հետաքրքրվեցինք` ի՞նչ երաշխիքներ կան բացառելու վերապատրաստող կազմակերպությունների հետ առնչություն ունեցող անձանց անդամակցումը քննական հանձնաժողովներին: Տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչի և ում մասին է խոսքը: Նման բան բացառվում է, բայց մեկ անգամ ևս կզգուշացնենք, որ այդ անձինք չլինեն հանձնաժողովներում: Իսկ Ձեր նշած կազմակերպություններն իրենց տնօրեններն ունեն: Կրկնում եմ, մենք ևս մեկ անգամ կճշտենք, թե այդ անձինք այդ կազմակերպության անդամներ են, թե` ոչ: Եթե այդ կազմակերպությունների անդամներ են, ապա չեն լինի հանձնաժողովում»:
Բանավոր հարցաշարի` հրապարակելու հետ կապված առաջարկին տիկին Հովհաննիսյանն արձագանքեց. «Բանավոր հարցաշարը ոչ մեկ չունի, դա միայն նախարարի ձեռքի տակ է, և ոչ ոք չի կարող ունենալ: Այդ հարցերը ամբողջ 600 հարցերից են կազմված, եթե տիրապետում ես դրանց, ապա բանավոր հարցերին էլ կպատասխանես: Ուրիշ բան, որ կազմակերպություններն իրենց քրտնաջան աշխատանքով այդ 600 հարցը բանավոր հարցաշարի են վերածում և սկսում պարապել: Ուստի այդ հարցաշարն առանձին ունենալ միտք չունի, քանի որ այդ հարցերը բխում են ամբողջ հարցաշարից: Եթե անձը այդ 600 հարցերը գիտի, ապա բանավոր հարցերին էլ կպատասխանի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ