Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը կատարեց Տեր-Պետրոսյանի պատգամը. ՀԱԿ-առակ կողմից. «168 ժամ»

Ապրիլ 15,2014 12:10

Հովիկ Աբրահամյանի նշանակումը ևս քառյակի հաղթանակն է: Առնվազն այնքանով, որքանով քառյակի հաղթանակն էր Տ.Սարգսյանի հրաժարականը: Սրանք ոչ թե սուբյեկտիվ եզրահանգումներ են, այլ նույն քառյակի ներկայացուցիչների հրապարակային գնահատականներից բխող արձանագրումներ:

Ու այդ համատեքստում ամենաուշագրավը Լևոն Տեր-Պետրոսյանի պարագան է: Ոչ միայն այն պատճառով, որ նա ՀՀ հիմնադիր նախագահն է ու, իր ենթակաների կարծիքով՝ ընդդիմության ամենախարիզմատիկ առաջնորդը: Լ. Տեր-Պետրոսյանին Գագիկ Ծառուկյանի, հիմա նաև՝ Հ.Աբրահամյանի հետ կապում են անցյալի ոչ այնքան հաճելի հուշերը: Խոսքը մասնավորապես 2008 թվականի մասին է, երբ նախագահի ընտրություններից առաջ Լ.Տեր-Պետրոսյանը փորձում էր քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուժերին համախմբել այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանն՝ այսօր: Բայց, ի տարբերություն Գ.Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանն այդ նպատակին փորձում էր հասնել ոչ թե «ջան-ջիգյարով», այլ սպառնալիքներով, վերջնագրերով: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր համաժողովրդական շարժման մեջ ներգրավել նաև օլիգարխներին, խոշոր գործարարներին:

Բայց նա ոչ թե խնդրում էր աջակցել համաժողովրդական շարժմանը՝ խոստանալով գործարարության ավելի լավ պայմաններ իր հաղթանակի դեպքում, այլ վախեցնում էր նրանով, թե ինչ կլինի օլիգարխների հետ՝ իր պարտության պարագայում: Այդ սպառնալիքներից ամենապատկերավորը, ճակատագրի բերումով, վերաբերում էր հենց Գագիկ Ծառուկյանին: Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ եթե վերջինս չմիանա շարժմանը, ու ընտրություններում հաղթի Ս. Սարգսյանը, Ծառուկյանին «բոմժ» կդարձնի: Ծառուկյանը չկանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, նա չհաղթեց ընտրություններում: 6 տարի անց Տեր-Պետրոսյանը կանգնեց/նստեց Ծառուկյանի կողքին, համախմբվեց Ծառուկյանի հովանու ներքո ու համախմբման արդյունքում՝ վարչապետ դարձրեց Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին:

Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած ՀԱԿ-ի կարգավիճակն էլ քաղաքական դաշտում հասավ այն կարգավիճակին, որին, ըստ ՀՀ առաջին նախագահի, հասցնելու էր Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանին: Ռուսերենում դա «առանց որոշակի բնակության վայրի» խոսակցական արտահայտության հապավումն է, որն ավելի բարեհունչ է հայերեն՝ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ: Խոսքը, բնականաբար, ֆինանսական ապահովության մասին չէ, քանի որ քաղաքականության մեջ «բնակության մշտական վայրի» կորուստը փոխհատուցվում է ֆինանսապես: Ըստ չար լեզուների՝ բավական առատաձեռն:

ՌՈԲԵՐՏ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930