Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Չընկնենք «մասոնների» հետեւից

Ապրիլ 15,2014 14:55

Պետությունները, կառավարությունները,  քաղաքականությունը՝
մի կողմ, ազգերը՝ մյուս

Վերջերս ինձ մի մարդ բռնեց փողոցում եւ ասաց, որ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպել են մասոնները: Երիտթուրքերի (ինչպես նաեւ, ի դեպ, Ռուսաստանում Կերենսկու կառավարության)` մասոնների հետ կապի մասին կա բավականին հարուստ գրականություն: Սակայն որեւէ լուրջ աղբյուր, որքան գիտեմ, չի պնդում, որ երիտթուրքերը կազմակերպել են ցեղասպանությունը հենց այն պատճառով, որ այդ կառավարությունը կազմված էր մասոններից:

Իմ զրուցակիցը, սակայն, մասոնների դերն ընդգծելով՝ ցանկանում էր ցույց տալ, որ Մեծ եղեռնի համար իրականում պատասխանատու է Եվրոպան: Դա էլ առանձնապես թարմ միտք չէ: Ինձ թվում է՝ առավել համապարփակ ձեւով, թեեւ շատ հակիրճ, այդ խնդրին անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` Ցեղասպանության 80-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում: Ահա այդ պարբերությունը. «Եվրոպական պետությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը, 1878-1914 թվականների ընթացքում ոչ միայն որեւէ գործնական քայլ չկատարեցին Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների ծրագրի իրականացման ուղղությամբ, այլեւ իրենց անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար: Այսինքն՝ հայկական հարցի միջազգայնացմամբ գրգռելով օսմանյան իշխանություններին՝ գերտերություններն իրենց հոգնություն չպատճառեցին վայրկյան անգամ մտածել հայ ժողովրդի ֆիզիկական գոյության տարրական երաշխիքների մասին, որով եւ չափվում է Ցեղասպանության հարցում նրանց բարոյական, իսկ Գերմանիայի դեպքում՝ ուղղակի պատասխանատվության բաժինը»:

Ուշադրություն դարձնենք երկու հանգամանքի վրա: Առաջինը` Ռուսաստանը դիտվում է որպես եվրոպական երկիր, եւ այդ առումով դրանց մեջ պատասխանատվության տարբերակում չկա: Տարբերակումը դրվում է Անտանտայի երկրների բարոյական եւ Գերմանիայի ուղղակի պատասխանատվության միջեւ: Երկրորդ` խոսվում է հայերի ֆիզիկական գոյության համար վտանգավոր «անհամաձայնեցված միջամտությունների» մասին: Այս արձանագրումը, կարծում եմ, արդիական է Սփյուռքում հայկական որոշ օջախների ու ինչ-որ չափով նաեւ բուն Հայաստանի պարագայում:

Իսկ ամենակարեւորն այն է, որ համենայնդեպս 19-20-րդ դարերում պատմական թատերաբեմում, այդ թվում նաեւ դաժան, ողբերգական իրադարձություններում հիմնական դերակատարներն են ոչ թե ռուսները, գերմանացիները, մասոնները, հրեաները, սիոնիստները կամ թուրքերը` որպես ազգ, այլ պետությունները` իրենց կառավարություններով:

Կրքեր բորբոքելով ազգի կամ առավել եւս` կիսաառասպելական «մասոնների» դեմ՝ մենք էապես նվազեցնում ենք այդ նույն ազգերի` իրար երբեւէ հասկանալու հնարավորությունը: Այսօր ռուսաստանյան պաշտոնական քարոզչության ազդեցության տակ Հայաստանի լյումպենացված զանգվածի մոտ բացասական զգացմունքներ են առաջացել ուկրաինացի ազգի նկատմամբ: Հայաստանում որոշ «գիտունիկներ» (որոնք «հաստատ գիտեն», որ Հայոց ցեղասպանությունը մասոններն են սարքել) պնդում են, որ ուկրաինական ազգ գոյություն չունի, եւ որ ուկրաինական պետություն պատմության մեջ երբեք չի եղել:

Չմտնելով պատմության թավուտների մեջ՝ նշենք, որ Ռուսաստանի իշխանությունն այդպիսով «գաղափարական հիմք» է ստեղծում Ուկրաինայի դեմ իր գործողությունների համար: Բայց ինչո՞վ է մե՛զ ձեռնտու նման մոտեցումը: Գուցե ասելու համար, որ ադրբեջանցիները նո՞ւյնպես «արհեստածին» ազգ են, իսկ Ադրբեջանը որպես պետություն կազմավորվել է միայն 20-րդ դարո՞ւմ: Անկախ նրանից, թե որքանով է դա ճիշտ, մենք այսօր դրանով ուկրաինացիներին եւ ադրբեջանցիներին դասում ենք մեկ հարթության վրա՝ որպես «թշնամի» ազգեր: Երկրորդ՝ մեր եւ ադրբեջանցիների վեճը պատմական եւ ազգամիջյան չէ: Վեճը զուտ քաղաքական է՝ մարդկանց՝ իրենց հողում ազատ ու անվտանգ ապրելու մասին:

Պետությունները, կառավարությունները, դրանց քաղաքականությունը կարող են լինել անխնա քննադատության կամ էլ, եթե հարկը կա, դրվատանքի առարկա: Բայց ազգերին վերագրել «ի վերուստ տրված» դրական կամ բացասական հատկանիշներ՝ դա ուղիղ ճանապարհ է դեպի ռասիզմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Մասոնների հետևից չընկնելը կնշանակի հանգիստ թողել ուկրաինացիներին, իսկ նրանց ծագումնաբանությունը հաստատ հայաքննության խնդիր չէ:Վաղը մյուս ազգերի մասին խոսելիս էլ կկանգնեք նույն խնդրի առաջ և խոսքի զենքերը ցած կդնեք,:
    Ռասիզմի հիմքում չարժե դնել ինքնագնահատությունը, որը համեմատության ֆոնին է կայանում:Սովորելու համար ուշ չէ երբեք, թեև աստղերի պես ցրված մետաղը միշտ մագնիս չի գտնում, որ շուրջը հավաքվի:Է, ծովացեք, մարդացեք, սիրեք իրար, օգնեք, ո*վ է խանգարում, գե*նը: Սկսեք այդտեղից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930