Հատված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի հարցազրույցից:
– Օրերս ռուս հայտնի փորձագետներ հայտնել են, որ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը նախատեսվող ժամկետում եւ ըստ այդմ էլ չի կարողանա Եվրասիական տնտեսական միությունում հիմնադիր անդամ դառնալ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետները։
– Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել մայիսին, այսօրվա դրությամբ հստակ նախատեսում է, որ ոչ մի տարբերություն չի լինելու հիմնադիր եւ միացող երկրների միջեւ, եթե երկիրը ամբողջ փաթեթին է միանում։ Այդ տեսանկյունից նույնիսկ ժամկետի երկարացումից մեր լիազորությունները միությունում ոչ մի
փոփոխության չեն ենթարկվում։ Չեմ կարծում, որ այդ հարցը էական է եւ մեզ համար ինչ-որ վտանգներ է պարունակում։ Տեխնիկապես Հայաստանը պատրաստ է ԵՏՄ-ին միանալու համար, բայց որոշումը պետք է կայացնեն նախագահները:
Կարդացեք նաև
– Ռուսական մամուլում հրապարակում եղավ, որ եվրասիական տնտեսական միության անդամ երկրները ունենալու են միասնական տնտեսական արժույթ՝ ալթըն։ Հիմա քննարկվո՞ւմ է այս հարցը, ինչքանո՞վ է իրատեսական, որ
Հայաստանում առաջիկայում ալթընը կմտնի շրջանառության մեջ։
– Միասնական արժույթի հարցը նմանատիպ միություններում, իհարկե, քննարկվում է։ ՄՄ-ում եւս այդ քննարկումը սկսել է դեռեւս երկու տարի առաջ, բայց երկրները դրա համար պետք է պատրաստ լինեն եւ երկար ճանապարհ անցնեն։ Մասնավորապես՝ անդամ երկրների տնտեսական հարաբերությունները այնքան պետք է խորացված լինեն, ֆինանսական համակարգերը այնքան պետք է ինտեգրված լինեն, որ հնարավոր լինի խոսել միասնական արժույթի մասին։ Կարծում եմ, այս հարցը կարող է օրակարգում լինել շատ ավելի երկարաժամկետ իմաստով, խոսքը ոչ հինգ, ոչ էլ տասը տարվա մասին է, այլ ավելի երկար։ Ալթըն ռուսական ծագում ունի, բայց դա ավելի շատ ոչ թե եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվող հարց է, այլ դրա շուրջ եղած ենթադրություններ են։ Այսպիսով կարող ենք ասել, որ միասնական արժույթի մասին կխոսվի այն դեպքում, երբ մենք ՄՄ
լիարժեք անդամ կլինենք, եւ կկարողանանք լիարժեք ազդել այդ գործընթացի վրա։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում