Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը նրան նշանակեց քաղաքական ժառանգորդ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 15,2014 11:34

Շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո ում հաղթանակն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Հիմա արդեն կարելի է միանշանակ ասել. դա Հովիկ Աբրահամյանի հաղթանակն էր։ Նրան հաջողվեց ընդդիմադիր քննադատությունը մանր-մանր ուղղորդել դեպի Տիգրան Սարգսյան, ՀՀԿ խմբակցության ներսում լուռ դիմադրություն կազմակերպել նախորդ կառավարության դեմ, Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ու օֆշորային սկանդալը նրբորեն օգտագործել սեփական շահերի համար եւ ի վերջո՝ նաեւ Սերժ Սարգսյանին համոզել, որ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա։

Ու եթե առաջիկայում հզոր շարժում չսկսվի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, ապացուցված կարելի է համարել այն, որ վերջին շրջանի քաղաքական պրոցեսների ստվերային դիրիժորը հենց Հովիկ Աբրահամյանն էր։ Բայց արդյո՞ք նա դա արեց ի հեճուկս Սերժ Սարգսյանի։ Առաջին հայացքից կարող է հենց այդպես էլ թվալ։ Իրականում, սակայն, տեսեք ինչ տեղի ունեցավ, նաեւ ընդդիմության ջանքերով իշխանությանը հասցեագրված նեգատիվ ողջ ասելիքը հասցեագրվեց Տիգրան Սարգսյանի վրա, նրան հաջողվեց դարձնել բացասականի մարմնավորում, եւ ահա, նախկին վարչապետը հեռացավ իշխանությունից, իշխանությանը ահագին մաքրելով բացասական էներգիայից։ Տիգրան Սարգսյանը այնքան բացասական կերպար էր դարձել, որ նրա ֆոնին կարող է նայվել նույնիսկ Հովիկ Աբրահամյանը, իսկ Սերժ Սարգսյանը՝ մնալ ստվերում, որպես իբր խուճապահար եւ իրավիճակը չվերահսկող էակ։

Իրականում, սակայն, Տիգրան Սարգսյանը զոհ չէ, որովհետև իր բացասական կերպարի առաջին կերտողը հենց ինքն է։

Շատերը նրան ինտելեկտուալ են համարում, բայց նա թերեւս ռեկորդակիր է իրավիճակը չհասկանալու իր հմտություններով։ Նա թերեւս մինչև վերջին օրը այդպես էլ չհասկացավ, որ երբեք Հայաստանում վարչապետ չի եղել, այլ ընդամենը քաղաքական մանեկեն, որը իր տեղում մնաց այնքան, մինչև իրեն չորոշեցին հեռացնել։ Նա այդպես էլ չկարողացավ հասկանալի լինել ո՛չ հանրությանը, ո՛չ քաղաքական ուժերին, ո՛չ խորհրդարանական մեծամասնությանը։ Նա ոչինչ չէր հասկանում քաղաքականությունից, որովհետև նրան թվում էր, թե Սերժ Սարգսյանին հասկանալի լինելն արդեն քաղաքական երաշխիքներ է տալիս իրեն։ Չհասկացավ, սակայն, որ եթե նույնիսկ Սերժը տմբտմբացնում է գլուխը, դա դեռ չի նշանակում, թե ընդունում է նրան։ Տիգրան Սարգսյանն իրականում քաղաքական գրագիտության նկատելի դեֆիցիտ ուներ, և չէր հասկանում, որ վարչապետի կաբինետն ընդամենը քաղաքական սպանդանոց է իր համար։

Սերժ Սարգսյանը իր քաղաքական կարիերայի ընթացքում միշտ էլ ինչ-որ զիջելու, զոհելու բան է ունեցել, ինչ-որ մատաղացու։ Նրա վերջին տարիների առանցքային, ամենակարևոր մատաղացուն Տիգրան Սարգսյանն էր, որին «մորթեցին» վեց տարի չաղացնելուց հետո։ Իսկ չաղացնելու գործում առանցքային էր Հովիկ Աբրահամյանի դերակատարումը։

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը նրան, ըստ էության, նշանակեց քաղաքական ժառանգորդ։ Վաղուց արդեն խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը ներքին խաղերի մեջ է Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հիմա Սերժ Սարգսյանը, հայտարարելով, թե այլեւս չի հավակնելու նախագահի պաշտոնին, Հովիկ Աբրահամյանին նշանակեց ՀՀ հաջորդ ղեկավար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930