«Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»,- նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը լուրջ չի վերաբերում:
«Շատ լուրջ ենք վերաբերում փաստ-հայտարարություններին վերջին քսաներեք տարիներին: Պարզ է՝ թվացյալ փոփոխությունից առաջ դրական լիցքեր տան դեպի ապագան, իսկ դա կոնկրետ հետեւանքների հետ կապ չունեցող բան է»,- ասաց պարոն Մեսրոբյանը՝ վստահեցնելով, որ նախագահի ասածները ամենեւին էլ չեն նշանակում, որ մինչեւ հիմա բյուջեն անձեռնմխելի չէր, իսկ կաշառքն էլ՝ թույլատրելի:
Մեր հարցին, թե կառավարության փոփոխությունը ինչ փոփոխություններ կմտցնի կառավարման համակարգում, փորձագետն ասաց. «Կառավարման համակարգում որակական փոփոխություններ չեն լինի, կփոխվեն ազգանունները»:
Ըստ նրա կառավարման համակարգում որակական փոփոխություններ չեն լինի նաեւ այն պատճառով, որ կառավարությունը չի կարող պայքարել օլիգարխիայի դեմ. «Հայաստանում օլիգարխիկ տնտեսություն է եւ ոչ մի օլիգարխ չի հանդուրժի, որ լինեն այնպիսի փոփոխություններ, որոնք վտանգեն նրանց գերշահույթները: Եթե որեւէ կառավարություն լուրջ պայքարի մեջ մտնի օլիգարխիայի հետ, օլիգարխիան կհաղթի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ