«Քաղաքը շատ մութ էր, բայց հացն անասելի համեղ էր: Նույնիսկ մոմի վրա ճաշ եփեցին ինձ համար»,- անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունն այսպես է հիշում իր առաջին այցելությունը Հայաստան: «Դա 1992 թվականին էր, իսկ հիմա Երևանը բավականին փոխվել է, և երիտասարդները, հատկապես աղջիկները, շատ են գեղեցկացել»,- ասաց դաշնակահարուհին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Այո, Դորա Սերվիարյան-Կյունը կրկին հայրենիքում է, և ապրիլի 18-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գլխ. դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ, կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտը»:
«Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ մենք միասին Խաչատրյանի կոնցերտն ենք կատարելու, որովհետև Դորա Սերվիարյան-Կյունն այդ կոնցերտի լավագույն կատարողներից է եղել բոլոր ժամանակներում, ու նրա հետ նույն բեմում լինելը մեծ պատիվ է մեզ համար»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:
Նկատենք, որ միջազգային հանրությանը հայտնի լինելով որպես Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտի» առաջատար մեկնաբան՝ Դորա Սերվիարյան-Կյունն ստեղծագործության ձայնագրությունը 1996 թ. կատարել է Հայաստանում՝ Ա. Խաչատրյան համերգասրահում, որտեղ նրան նվագակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրեց Դորա Սերվիարյան-Կյունը, համերգի հաջորդ օրը՝ ապրիլի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր (2003թ.), իր իսկ հեղինակած «Խաչատրյան» (2003թ.) լիամետրաժ վավերագրական ֆիլմը:
«Ֆիլմի ողջ ընթացքում Խաչատրյանի երաժշտությունն է հնչում, որի նպատակներից մեկն էլ մարդկանց ցույց տալն է, որ կոմպոզիտորը «Սուսերով պար»-ից շատ ավելի լավ գործեր ունի»,- ընդգծեց պարոն Թոփչյանը:
Կոմպոզիտորի մասին ֆիլմ նկարահանելու շարժառիթը, դաշնակահարուհու խոսքով, Խաչատրյանի՝ պատմություն ունենալն է: «Ինձ համար առաջնային է, որ տվյալ մարդը պատմություն ունենա: Չունեցավ, չես կարող ֆիլմ պատրաստել: Ես, օրինակ, ուզում էի Արշիլ Գորկու մասին ֆիլմ նկարել, բայց տեսա, որ նրա կյանքը ֆիլմի համար այնքան էլ հետաքրքիր չէ, բայց մտադիր եմ Փարաջանովին նվիրված ֆիլմ պատրաստել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ ֆիլմ նկարահանելուն, Դորա Սերվիարյան-Կյունն ասաց, որ այդպիսի մտադրություն առայժմ չունի, քանի որ, ինչպես նա նկատեց, այդ մասին այնքան շատ ֆիլմեր կան, որ նոր ֆիլմ նկարելիս պիտի կարողանաս նոր բան ասել:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Ֆիլմի ողջ ընթացքում Խաչատրյանի երաժշտությունն է հնչում, որի նպատակներից մեկն էլ մարդկանց ցույց տալն է, որ կոմպոզիտորը «Սուսերով պար»-ից շատ ավելի լավ գործեր ունի»,- ընդգծեց պարոն Թոփչյանը: Կարծում եմ ավելին պետք չէ: