Նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում անցկացվեց սեմինար-վերապատրաստումների շարք` մատուցվող հանրային ծառայությունների ընդհանուր գնահատման համակարգի կիրառման հայաստանյան մասնագիտացված խումբ ստեղծելու նպատակով: Սեմինարներին մասնակցում էր շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչ ինչպես ՀՀ ՔԾԽ աշխատակազմից, այնպես էլ պետական կառավարման տարբեր մարմիններից: Վերջիններս, սեմինարի ընթացքում ձեռք բերված հմտությունների հիման վրա ընդգրկվելու են հանրային ծառայությունների որակի գնահատման նոր մոդելի կիրառման աշխատանքներում:
Սեմինարներն անցկացվում էին «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում: Այդ նպատակով Հայաստան էր ժամանել ծրագրի գլխավոր գործընկերոջ` Հունաստանի պատվիրակությունը` համակարգող Ջորջ Ստամպոուլիսի գլխավորությամբ, որը սեմինարի մասնակիցներին փոխանցեց, թե ինչպես է եվրոպական երկրների` հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններում կիրառվում մատուցվող ծառայությունների որակի ընդհանուր գնահատման այդ մեթոդաբանությունը:
Սեմինարի անցկացումը ողջունեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ով շեշտեց այս համակարգի ներդրմամբ հանրությանը մատուցվող ծառայությունները ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև ընդհանուր գնահատման համակարգի օգնությամբ ծառայությունների մատուցման ոլորտում առկա թերությունները վերացնելու անհրաժեշտությունը:
Ընդհանուր գնահատման մոդելային համակարգը համարվում է մատչելի գործիք Եվրոպայի հանրային կառավարման ոլորտի կազմակերպություններին աջակցելու համար: Դրա նպատակն է պետական մարմինների վարչարարական կարողությունների մեծացման միջոցով բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակցող երկրներում բարձրացնել ազգային և տարածքային զարգացման քաղաքականության արդյունավետությունը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշել է գնահատման նոր համակարգի փորձնական կիրառումը իր աշխատակազմից: Այդ նպատակով ՀՀ ՔԾԽ-ում արդեն ստեղծվել է համապատասխան աշխատանքային թիմ: Առաջին արդյունքները հնարավոր կլինի ամփոփել մինչև այս տարվա սեպտեմբերի վերջ, որից հետո, պարզ կլինի` ինչպես է այն ներդրվելու և կիրառվելու պետական ծառայության այլ մարմիններում:
«Կատարելություն հանրային հատվածում» ծրագիրը, ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի անդրսահմանային համագործակցության ներքո գործող «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013ե ծրագրի բաղադրիչն է: Հայաստանը, ի թիվս սևծովյան ավազանի 6 այլ երկրների, այդ ծրագրի ակտիվ մասնակիցներից է:
ՀՀ քաղաքացիական ծառայություն