Ապրիլի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց տիար Հ. Աբրահամյանին ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` արդյունաշատ իրագործումներ մաղթելով նրան Հայրենիքի բարօր կյանքի կերտման առաքելության մեջ:
Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձավ երկրի և ժողովրդի առջև ծառացած բազում դժվարություններին` հույս հայտնելով, որ նորոնշանակ վարչապետն տարիների իր փորձառությամբ և վաստակով դրական տեղաշարժեր և փոփոխություններ կարձանագրի հայոց կյանքում:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա ազգօգուտ համագործակցությանը Հայ Եկեղեցու և հայրենի պետության տարբեր կառույցների միջև: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հավատարիմ իր ազգային առաքելությանը, պիտի շարունակի իր զորակցությունը բերել հայրենի իշխանություններին իրենց հայրենանվեր ձեռնարկումներում և անկախ պետականության զորացման գործում:
Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հանձնառու է և վճռակամ` առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կատարելու և արդարացնելու ժողովրդի սպասումները: ՀՀ վարչապետը նաև հավաստիացրեց, որ ինչպես միշտ շարունակելու է ջանքեր գործադրել Հայ Եկեղեցու և ՀՀ կառավարության միջև կապերի առավել ջերմացման ու ամրապնդման համար:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ