Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո, պարզ դարձավ Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետի անունը: Aravot.am-ը Երեւանի փողոցներում քաղաքացիներից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս են վերաբերվում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Հարցված քաղաքացիներից մեկը նշեց, որ նախկին ԱԺ նախագահի թեկնածությունը բոլորին էլ հայտնի էր, բայց մինչեւ պաշտոնական հայտարարությունը ոչ մեկ չէր կարողանում համակերպվել այդ վարկածի հետ:
Քաղաքացիներից ոմանք էլ սխալ էին համարում Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը, քանի որ վարչապետ լինելու համար պարտադիր պայման էին համարում տնտեսագիտական կրթությունը.
«Վարչապետ դառնալու համար պետք է հատուկ տնտեսագիտական կրթություն, որը բացակայում է Հովիկ Աբրահամյանի մոտ: Առանց այդ կրթության ինչպե՞ս է նա աշխատելու»: «Առավոտի» կողմից նկատենք, որ Հովիկ Աբրահամյանն ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Կարդացեք նաև
Մի շարք քաղաքացիներ էլ համոզված էին, որ նոր վարչապետը ոչինչ չի փոխի. Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ.
«Մինչեւ համակարգային փոփոխություն չկատարվի, ոչ մի բան էլ չի փոխվի: Ի՞նչ տարբերություն վարչապետը ի՞նչ տեսք կամ անուն ազգանուն ունի: Պետք է հասկանանք, որ անհատներից ոչինչ պետք չի սպասել, համակարգը, եթե սխալ է, ով էլ գա բան չի փոխվի: Պետք է նախ համակարգը փոխվի, օլիգարխիան վերանա, կաշառակերությունը վերանա, որ կարողանանք ինչ-որ մի անհատից բան սպասել»:
Մի քաղաքացի էլ խոստովանեց, որ սնահավատ չի, բայց վերջին դեպքերը դրդում են իրեն սնահավատ դառնալ.
«Ապրիլի 13-ին ընտրվեց Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետը, չնայած չեմ հավատում 13 թվի մասին լեգենդներին, բայց այս դեպքում ճիշտ է: Այս ամեն ինչից լավ բան չեմ սպասում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ