«Այն գաղջ մթնոլորտը, ինչից գանգատվում էր Սերժ Սարգսյանը, այդ մթնոլորտը շարունակվելու է անկախ կադրային ինչ-ինչ փոխատեղումներից, քանի որ Հովիկ Աբրահամյանի նշանակման քայլով այդ գաղջ մթնոլորտի պատճառները ոչ թե վերանում են, այլ վերարտադրվում»-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակումը ճիշտ քա՞յլ էր, այսպես պատասխանեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակման մասին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք էր հայտնել, թե «Հովիկ Աբրահամյանի միջոցով փորձելու են ԲՀԿ-ի ձեռքերն ու ոտքերը կապել»: Այս առիթով պարոն Մեհրաբյանը նկատեց. «Այդ ե՞րբ էին ԲՀԿ-ի ձեռքերը արձակած եղել, որ հիմա էլ պետք է կապեն: Ես հարցին այդ կերպ չեմ նայում: Ես հասկանում եմ, որ մենք գործ ունենք պարզապես մի համակարգի հետ, որը միատարր չէ, այստեղ կան տարբեր ազդեցության խմբեր և այդ խմբերը ներհամակարգային պայքար են մղել ազդեցության լծակները կորցնելու և նորերը ձեռք բերելու համար: Ուստի ներհամակարգային լարումները հանելու համար կոմպրոմիսային մի ֆիգուր բերվեց ասպարեզ` հանձինս Հովիկ Աբրահամյանի: Խնդիրն այստեղ այն է, որ պարզապես համակարգի ներսում առժամանակ կոնսենսուս ձեռք բերվեց, որոշակի խաղի կանոններ»:
Aravot.am-ի հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանի` Գագիկ Ծառուկյանի հետ խնամի-բարեկամական կապերը չե՞ն կաշկանդի նրան ազատորեն կադրային քաղաքականություն վարել, ինչպես վստահեցնում էր Էդուարդ Շարմազանովը, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Ոչ թե կկաշկանդեն, այլ նույնիսկ կարող են առաջնորդել նոր կադրային քաղաքականության գործում: Իսկ դա կլինի հօգուտ համակարգի: Համակարգը յուրայիններին գործի տեղավորման նոր մեխանիզմ է գործարկում: Հարաբերականորեն ազնիվ ճանապարհ է ընտրված այդ ուղղությամբ, քանի որ Հովիկ Աբրահամյանը ուղնուծուծով համակարգի մաս է կազմում»:
Արմեն Մարտիրոսյանը Հովիկ Աբրահամյանի` խնամի-բարեկամական կապերի և հնարավոր կաշկանդվածության մասին ասաց հետևյալը. «Նրա` խնամի-բարեկամական կապերը բացարձակ կապ չունեն: Նա համակարգի լավագույն ներկայացուցիչն է, ընտրությունները կեղծելու, միջկլանային կապերը կարգավորելու լավագույն վարպետներից է: Եվ նա գալիս է իշխանությունը ամրապնդելու համար, հո մեզ համար չի՞ գալիս»:
Կարդացեք նաև
Հաճախ է խոսվում ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի` կոալիցիա մուտք գործելու մասին ու այս համատեքստում քառյակի «ճաք տալու» վտանգի մասին: Արմեն Մարտիրոսյանն այս վտանգներին արձագանքում է. «ՀՅԴ-ի պարագայում ճիշտ կլինի մի փոքր սպասել: Իսկ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում, դրա համար հստակ հայտարարություն է եղել: Քառյակը պետք է շարունակի գործունեությունը և անի այնպես, որ կառավարության ծրագիրը չհաստատվի և դա բերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Եթե մեր գործընկերները շարունակեն պայքարը, հեշտ կլինի, եթե ոչ`խնդիրներ կառաջանան»:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` «տիտղոսային ընդդիմությունը ինքն իրեն տարավ փակուղի, և նույնիսկ այն փորձը, որ կառավարության հրաժարականի պահանջի հիման վրա փորձեին միավորել ջանքերը, տեսանք, որ առաջանցիկ քայլով իշխանությունը դարձրեց անիմաստ: Եվ հիմա նոր բան պետք է մտածել: Ոչինչ էլ չեմ բացառում, ուղղակի համարում եմ, որ ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա, թե` ոչ, դրանից ոչինչ չի փոխվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ