Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը (լուսանկարում՝ ձախից առաջինը) այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ պատմեց մի արտառոց պատմություն: Մի քանի օր առաջ «Տագանկայի» թատրոնում բեմադրվում էր «Չիպոլինոյի արկածները»: Քանի որ այդ պիեսում վերջում մրգերն ու բանջարեղենները հեղափոխություն են անում, այս պիեսը Մոսկվայում գրաքննվել է, եւ ստիպել են, որ ներկայացման ավարտը փոխվի՝ հեղափոխություն չլինի, փոխարենը իմաստուն սինյոր Լիմոնը իջեցնում է հարկերը եւ բոլորը գոհ ու երջանիկ են մնում:
Քննարկումը վարող գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն (լուսանկարում՝ աջից առաջինը) էլ ավելացրեց, որ այդ պատմության մասին հոդված է կարդացել, որի տակի մեկնաբանություններից մեկում մի մարդ պատմել է՝ տղաս հարցրեց, թե ինչո՞ւ այդպես եղավ, եւ ես բացատրեցի՝ որովհետեւ դրանք բանջարեղեն էին: Վահրամ Մարտիրոսյանը եզրահանգեց՝ մեր առջեւ էլ դրված է բանջարեղեն լինել-չլինելու հարցը:
Ի դեպ, Վահրամ Մարտիրոսյանը, հակադարձելով քննարկման ժամանակ մի քանի անգամ հնչած մտքին, թե հայերի մեջ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ասացվածքը գաղափարախոսություն է դարձել, նկատեց, որ ինքը լատինական աղբյուրներում գտել է ճիշտ նույն ասացվածքը. «Բոլոր ժողովուրդների մեջ էլ կան այդ հոգեբանության տեր մարդիկ, «որտեղ հաց՝ այնտեղ կացը» լատինական ասացվածք է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ