«ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը, դառն իրականությունը ներկայացնող ելույթներից հետո հնչեցրեց մի լավատեսական նոտա. «Հայ ժողովուրդը վերջին քսան տարիների ընթացքում բոլոր ընտրությունների ժամանակ ընտրել է ընդդիմությանը: Դա ցույց է տալիս, որ վիճակն անհուսալի չէ՝ ծանր է, բայց ոչ անհուսալի»:
Վ. Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանում հաստատված է պաշտոնյա պետություն, որը չունի իր սեփական գաղափարախոսությունը, եւ երբեմն-երբեմն ազգայնականության ինչ-որ մի ալիք է իբրեւ գաղափարախոսություն հնչում՝ Ղարաբաղը վտանգված է, սահմանները վտանգված են եւ այլն, եւ այդ ամբոխավարական կոչերով իշխանությունը տարիներ շարունակ կարողանում է վերարտադրվել:
Նա նաեւ նկատեց, որ հայ ժողովրդի ռուսասիրության մասին տեսակետը առասպել է, քանի որ մինչեւ սեպտեմբերի 3-ը, երբ Հայաստանը տարիներ շարունակ գնում էր դեպի Եվրոպա, ոչ մի քաղաքական կուսակցություն, հասարակական կազմակերպություն, հասարակության խավ չի բողոքել, չի ընդվզել այդ ուղղության դեմ, սակայն Մաքսային միության դեմ ընդվզողներ եղան:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն իր ելույթում, հիշեցնելով 2011 թ. սեպտեմբերի 21-ին իր եւ իր համախոհների բողոքի ցույցն՝ ընդդեմ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ օտարի դրոշների եւ օտար զորքերի ներկայության, պատմեց, թե ինչպես մի բարձրաստիճան ոստիկան փորձում էր իրենց բացատրել՝ «լավ չեք անում, վերեւներում մարդիկ կան, որոնք ձեզնից եւ մեզնից ավելի լավ գիտեն, թե ինչն է լավ, ինչն է ճիշտ, ինչ է պետք անել»: Այս օրինակը Լեւոն Բարսեղյանը բերեց ցույց տալու, որ իշխանություն ունեցողների համար քսան տարի շարունակ եղել է ներքին չգրված ռազմավարության, որի համաձայն՝ մարդու իրավունքները եւ դեմոկրատական արժեքները հակասում են մեր ազգային անվտանգությանը՝ «կարծես թե այն, ինչ մեր Սահմանադրության մեջ դրված է՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին, մենք ընդունել ենք ստիպողաբար՝ զենքի սպառնալիքի տակ, այնինչ իրենք հոգու խորքում խորապես համոզված են, որ այդ դրույթները դավադրություն են ազգային անվտանգության դեմ եւ դա մարդու իրավունքների եւ ազգային անվտանգության կեղծ հակադրություն է»:
Կարդացեք նաև
Լեւոն Բարսեղյանը նկատեց, որ աշխարհում տարբեր ժամանակներում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ տարբեր երկրների իշխանություններ ստիպված են եղել «ղազագիր» ստորագրել՝ պետությունը պահպանելու համար, այսինքն՝ նահանջել՝ չպարտվելու համար: Սակայն Մաքսային միություն մտնելու ՀՀ իշխանությունների որոշումը, ըստ Լեւոն Բարսեղյանի, դժվար է համարել նման տակտիկական քայլ՝ մանեւրելու համար, քանի որ նման շտապողականությունը, թե ինչպես են մեր իշխանությունները վազում՝ մտնելու Մաքսային միություն, նման բան մտածելու տեղ չեն թողնում:
Քանի որ քննարկման ժամանակ քանիցս խոսվեց ընդդեմ Մաքսային միության հնարավոր ընդվզման մասին, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը նկատեց, որ որեւէ ընդվզում ընդդեմ Ռուսաստանի կամ նրա ստեղծած Մաքսային միության, հնարավոր չէ, քանի դեռ մենք պատանդներ ունենք այդ երկրում: Պատանդ ասելով՝ նա նկատի ուներ անօրինական միգրանտներին. «Քանի դեռ մենք հարյուր հազարավոր, գուցե նույնիսկ ավելի շատ պատանդներ ունենք Ռուսաստանում, ավելին` ունենք մի այդքան էլ պատանդ՝ Հայաստանում, որոնք սնվում են՝ Ռուսաստանում ապրող իրենց պատանդի ուղարկած փողով, ոչ մի ընդվզում էլ չի կարող լինել»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ