Լրահոս
Օրվա լրահոսը

14 տարեկանի հետ ամուսնացածը դատարանում հայտարարել է, թե ուրիշի երեխային է պահում

Ապրիլ 14,2014 15:07

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 1986թ. ծնված Մարտիկ Բալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել եւ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունեցել 1999թ. մայիսին ծնված աղջկա հետ:

1999թ. ծնված, սոցիալապես անապահով ընտանիքից սերված աղջիկը, որը ծննդով Կոտայքի մարզից է, այդ մարզում, 12 տարեկան hասակում, սեռական կապի մեջ մտնելով մի տղամարդու հետ, նույն տարում ունեցել է երեխա, որն արդեն 2 տարեկան է: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն այդ տղամարդուն չեն հայտնաբերել, որի պատճառով քրեական գործը կասեցված վիճակում է: Աղջիկն այժմ իր երեխայի հետ Արծվաբերդում բնակվում է Մարտիկ Բալյանի ընտանիքի հետ, նրանց տանը:

Նշենք, որ Բալյանների ընտանիքը եւս սոցիալապես անապահով է: Մ. Բալյանը նախկինում ամուսնացած է եղել, կնոջից բաժանվել է , առաջին ամուսնությունից մի երեխա ունի: Դատարանում Մարտիկ Բալյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Նա դատարանում ասել է, որ բարի գործ է անում, պահում է ուրիշի երեխային: Անչափահաս աղջիկը խնդրել է իր փաստացի ամուսնու նկատմամբ մեղմ պատիժ սահմանել:

Ապրիլի 8-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Մ. Բալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ»):

Այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկհարյուրհիսունապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»): Դատարանը Մ. Բալյանին դատապարտել է 100 հազար դրամ տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930