Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքում մոտ 100 ռուսամետ ակտիվիստներ ապրիլի 14-ին գրավել են ոստիկանության շենքը: Հայտնում է «Ռոսիա 24» հեռուստակայանը:
Շենքի վրա գրոհը տևել է մեկ ժամից ավելի: Ներսում գտնվող ոստիկանները պատնեշներ էին սարքել ու փորձում էին պաշտպանվել: Շենքը գրավելուց հետո իրավապահներին բաց են թողել:
Ուկրաինական «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ բաժինը գրավելուց հետո ցուցարարներից մեկը շենքի վրա տեղադրել է Ռուսաստանի դրոշը, սակայն ոստիկանության բաժնի պետ Անդրեյ Կրիշչենկոն հանել է այն և պատռել:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Գորլովկայում ցուցարարները փակել են Լենինի պողոտան, երթևեկությունն այնտեղ դադարեցված է:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Ֆեյսբուքի «Եվրոմայդան» էջում հաղորդագրություն էր հայտնվել, որ «անջատողականները հրդեհել են Գորլովկայի ոստիկանության շենքը եւ ներսում դեռ ոստիկանության աշխատակիցներ են գտնվում»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ