Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք կարողանում վերահսկել փոքր խանութների գործունեությունը. Սերգեյ Ստեփանյան

Ապրիլ 14,2014 14:48

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ  Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ տոն օրերին հավկիթի գինը թանկանում է խանութպանների պատճառով: Ձվի ինքնարժեքը  45 դրամ է, բացթողման գինը 58-60 դրամ, իսկ խանութներում վաճառվում է 75-80 դրամով, սակայն Սուրբ Զատիկի տոնին հատկապես փոքր խանութները բարձրացնում են գները:

«Մենք փորձում ենք արտադրությունը այնպես կազմակերպել, որպեսզի տարվա երկու ամենախոշոր տոների ժամանակ` Նոր տարվա եւ Սուրբ Զատիկի, հավկիթի գինը չբարձրանա: Սակայն, մենք ի վիճակի չենք շուկան վերահսկել: Շուկան վերահսկող մարմիններ ունի կառավարությունը: Մենք բացարձակապես փաստաթղթով ենք աշխատում: Մենք չեն կարողանում վերահսկել հատկապես փոքր խանութները եւ այդ պրոցեսում կատարվում են մախինացիաներ»:

Իսկ Անասնապահության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց. «Զատիկի տոնին մենք ամբողջությամբ ապահովված ենք: Այս տոնին մոտավորապես 1200 տոննա ձուկ է իրացվում: Իսկ ինչ վերաբերում է հավկիթին, ապա իրացվում է մոտավորապես 9-10 միլիոն»:

Անդրադառնալով Սպառողների միության նախագահի վերջերս արած  հայտարարությանը, թե Արարատյան դաշտում խորքային ջրերի սահմանափակումը կբերի նրան, որ թանկարժեք ցիկլերի անցնելու պատճառով  ձկան գինը կբարձրանա, Ա. Հովհաննիսյանը ասաց. «Ընդհակառակը, մենք գտնում ենք, որ պետք է օգտագործել ջրախնայողական համակարգեր:  Ավելին, Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստում է կառավարության որոշմամբ նախագիծ, որպեսզի բոլոր  անասնաբուծական տնտեսությունները, որոնք գործում են Արարատյան հարթավայրում, հնարավորություն ունենան վարկեր ստանալու եւ կառավարությունը կփորձի վարկերի  տոկոսադրույքների մի մասը  սուբսիդավորել, որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները կարողանան կիրառել այդ կիսափակ, կամ  փակ ջրամատակարարման համակարգը»:

Ա. Հովհաննիսյանը նաեւ ուրախությամբ նշեց, որ 2013 թվականին  Հայաստանում առաջին անգամ արձանագրվեց պանրի ներկրման եւ արտահանման բալանսի դրական տեղաշարժեր: «2013 թվականին ներկրել ենք ընդամենը 1200 տոննա պանիր, սակայն արտահանել ենք 300 տոննայով ավել: Նման դրական տեղաշարժ նկատվում է առաջին անգամ»:

Աշոտ Հովհաննիսյանը նկատեց, որ կաթնամթերքի արտադրության ծավալների աճը լավ պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանից կաթնամթերք արտահանվի: «2013 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, երեք անգամ ավելացել են Հայաստանի Հանրապետությունից կաթի փոշու եւ խտացրած կաթի արտահանման ծավալները. երկուսի ծավալը միասին կազմել է 414 տոննա»:

Իսկ այն հարցին, թե այս դեպքում ինչու է կաթը թանկացել, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ կաթը ոչ թե «մեր շուկայում է թանկացել, այլ` համաշխարհային»:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930