«Վ.Վ.Վ.» կարաոկե-ակումբում ապրիլի 7-ին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել էինք:
Սերգեյ Կարապետյանը, Էդուարդ Շահնազարյանը, Սամվել Հովհաննիսյանը եւ Արմեն Գեւորգյանը ապրիլի 9-ին դիմել էին բուժհիմնարկ, նրանք բռնությունների էին ենթարկվել ոչ միայն կարաոկե-ակումբում, այլ հետագայում ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկանների կողմից: Մինչ այդ դիմել էին ոստիկանության բաժին իրենց դատաբժշկի ուղեգիր ստանալու համար, սակայն մերժվել էին, այդ իսկ պատճառով նրանք իրենց փաստաբանների ուղեկցությամբ դիմել էին բուժհաստատություն:
Aravot.am-ի զրուցակից տղաներից մեկը, որը մեր հանդիպման ժամանակ արյուն էր թքում, եւ նրա մարմնի վրա ոստիկանական մահակն էր կոտրվել, ռենտգեն արդյունքներով, պարզվեց ողերի կոտրվածք է ստացել:
Այսօր տեղեկացանք, որ Կենտրոնի դատախազ պարոն Բադիկյանի հետ են հանդիպել տղաները, նրանց փաստաբանները: Դատախազին է տրամադրվել նրանց բողոքները, հայտարարությունը հանցագործության մասին եւ տեսաերիզը:
Գործը, մեր տեղեկություններով, ուղարկվելու է Հատուկ քննչական ծառայություն՝ պաշտոնական դիրքի չարաշահման հիմքով:
Հիշեցնենք, որ տղաները կարաոկե-ակումբ էին գնացել ծննդյան օրը շարունակելու նպատակով :Նրանք չէին հասցրել օգտվել իրենց պատվիրածից: Երբ տղաներից մեկը, վճարել էր գումարը, եւ վերադարձել դեպի իր սեղանը, տեղեկացել էր, որ ընկերոջը տեղի թիկնապահները տարել են իրենց սենյակ:
«Ինչ է եղել»,-հարցրել էր:
Պատասխանել էին .« Դուրս եկեք: Ընկերներիցդ մեկը լավ չի պահում»:
Անվտանգության աշխատակիցներին միացել էին պահպանությունն իրականացնող ոստիկաններից երկուսը:
Ակումբից տղաներին նրանց երկու ընկերուհիների հետ տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ շարունակել էին նրանց ծեծել, հարվածել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ