«Արմեն Մովսիսյանը միանշանակ հեռացման ենթակա է: Մի նախարար, որ ստել է բոլորիս` ասելով, որ էներգակիրները չեն թանկանալու, բայց թանկացել են, միանշանակ պետք է հեռանա»,-Aravot.am-ի հարցին` նոր ձևավորված կառավարության կազմում արդյոք կշարունակի՞ պաշտոնավարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև հավելեց. «Բայց նա իշխանությանը ձեռք է տվել»: Մեր դիտարկմանը` հետևաբար հնարավոր է շարունակի՞ պաշտոնավարել, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Դրա համար հիմա ինձ համար անձերը էական չեն, ինձ համար գլխավորը քաղաքական ուղղությունն է: Իսկ թե ինչպիսին է այն լինելու, Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո արդեն հայտնի է»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե կցանկանար, որ «նախարարի պաշտոնում շարունակեին պաշտոնավարել Արմեն Աշոտյանը և Սեյրան Օհանյանը»:
Նշեցինք, թե տեղեկություններ կան, որ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի Դավիթ Հարությունյանը, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Որևէ բան չի փոխվի, թեև կցանկանայի, որ իրենք լինեին նախարար: Արդեն Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ պարզ է, թե ինչ քաղաքականություն է վարվելու: Ինձ համար քաղաքական ուղղությունն է կարևոր, ոչ թե այն անձը , որը պաշտոնավարելու է»:
Հետաքրքրվեցինք` իսկ Արտեմ Ասատրյանին պաշտոնանկություն սպառնո՞ւմ է: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այն, որ ինքը պրոֆեսիոնալ նախարար է, ինձ համար միանշանակ է: Բայց այն քաղաքականությունը, որ վարվել է իր նշանակումից հետո, ցույց է տալիս, որ երևի թե իրեն ևս կարող է քավության նոխազ սարքեն: Ինձ համար Տիգրան Սարգսյանի խնդիրը չի եղել, այլ իշխանության և իշխանական համակարգի խնդիրը»:
Կարդացեք նաև
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կշարունակի՞ պաշտոնավարել, պարոն Մարտիրոսյանն այս մասին ասաց հետևյալը. «Այն, որ պարոն Նալբանդյանին ևս կարելի է փոխել, և դա նոր չէ, դա սկսեց հայ-թուրքական արձանագրություններից հետո: Բայց պարզ է, որ արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը, հետևաբար կարծում եմ, որ մենք պետք է որոշողին փոխենք, ոչ թե իրականացնողին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ