Նոր կառավարություն ենք ունենալու, ի՞նչ կփոխվի առողջապահության ոլորտում հարցին սրտաբան Միքայել Ադամյանն ասաց՝ կարծում եմ՝ փոփոխություններ կլինեն, հուսով ենք, որ կլինեն:
Aravot.am-ի հարցին, թե առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ սրտանոթային հիվանդությունների աճը ամբողջ աշխարհում է եւ Հայաստանը բացառություն չէ, հետաքրքրվեց, թե այլ երկրների հետ համեմատությամբ, հիվանդությունների ցուցանիշը բա՞րձր Է եւ ինչո՞ւ:
Բժիշկ Ադամյանը սրտանոթային հիվանդությունների բարձր ցուցանիշը մեր երկրում նաեւ պայմանավորեց ժառանգականության գործոնով: Ըստ նրա, պատճառներից մեկն այն է, որ մեզ մոտ հայը հայի հետ է ամուսնանում եւ խառը ամուսնությունները քիչ են, ինչի պատճառով էլ գենոֆոնդը չի թարմացվում եւ ժառանգական հիվանդությունները չեն պակասում:
Այսօր «Ֆորում» ակումբում Միքայել Ադամյանն ասաց, որ հատկապես գարնանը եւ աշնանը սրտանոթային հիվանդությունները սրվում են եւ հատկապես հիպերտոնիկ հիվանդները պետք է, բժշկի հետ խորհրդակցելով, ընդունեն իրենց դեղորայքը եւ առողջ ապրելակերպ վարեն: Իսկ այն մարդիկ, որոնք գանգատներ ունեն, բժիշկը խորհուրդ տվեց անպայման հետազոտվել:
Կարդացեք նաև
Միքայել Ադամյանի ներկայացմամբ, տղամարդիկ 40 տարեկանից հետո են հակված այս հիվանդություններն ունենալու, կանայք՝ 50 տարեկանից հետո:
Կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների ավելի ուշ զարգացումը, ըստ բժշկի, պայմանավորված է մայրանալու գործոնով եւ կանանց օրգանիզմում առկա հատուկ հորմոններով, որոնք օրգանիզմը պաշտպանում են:
Ըստ բժշկի, աշխարհում ամենալավ բժշկությունը կանխարգելիչ բժշկությունն է, որի շնորհիվ զգալի նվազում է մահացությունների թիվը: Բժշկական ապահովագրության ներդրումը նույնպես շատ կարեւոր դեր ունի հիվանդության կանխարգելման համար:
Սրտանոթային հիվանդություններին նպաստում են ծխելը, ֆիզիկական թերակտիվությունը, ուշ ժամերի յուղոտ կերակուրներ ուտելը, աղի, շաքարավազի նախատեսվածից ավելի օգտագործումը:
Բժշկի տվյալներով, սրտի վիրահատությունը մեր երկրում արժե մեկուկես միլիոնից մինչեւ երեքուկես միլիոն դրամ, ինչը արտերկրի հետ համեմատությամբ, բժշկի վստահեցմամբ, մի քանի անգամ մատչելի է:
Սրտաբանի ներկայացմամբ, սակայն ոչ դեղորայքն է սիրտը առողջացնում, ոչ էլ ստենդավորումը, դրանք ընդամենը կանխում են սրտի կաթվածի զարգացումը: Իսկ առողջ սիրտ ունենալու համար մարդն ինքը պետք է վարի առողջ ապրելակերպ: Բժիշկ Ադամյանը օրական 7-8 սրտի վիրահատություն է անում: Նրա խոսքերով՝ հիվանդությունը երիտասարդացել է եւ անգամ քսան տարեկաններ են դիմում այս խնդրով:
Մեր հարցին, թե նախկին տարիների պես ներկայումս է՞լ բժիշկ-մասնագետների արտահոսք կա մեր երկրից, սրտաբանն ասաց, որ՝ այո, սակայն նշեց, որ բժիշկների արտահոսքը ե՛ւ Վրաստանից է, ե՛ւ անգամ եվրոպական երկրներից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ