Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Քառյակի մի մասը որոշել է մտնել կոալիցիա, մյուս մասը դեռ պորտֆելների առեւտրով է զբաղված»

Ապրիլ 14,2014 13:50

Քառյակի երեք լիդերների հանդիպումը իրադարձություն է՞ր, թե համաձայն եք Աղվան Վարդանյանի գնահատականի հետ`մնաց մի գեղեցիկ լուսանկար`«Հայելի» ակումբում պատասխանելով այս հարցին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Հարցում թերեւս պատասխանը հնչեց`քառյակի երեք ղեկավարների հանդիպումը»: Մյուս հարցին`ինչի՞ սպասել`քառյակը դարձավ եռյակ, եռյակն էլ դուե՞տ կդառնա, պատգամավորն այսպես պատասխանեց.«Ես մի քիչ կաշկանդված եմ, քանի որ ֆորմալ առումով «Ժառանգությունն» եմ ներկայացնում, քառյակի մի մասն էլ «ժառանգությունն» է: Բայց ցանկացած բանակցություն ողջունում եմ: Փաստը, որ չորս քաղաքական ուժեր փորձում են նստել սեղանի շուրջ եւ միասնական հանդես գալու տարբերակներ որոնել: Իսկ ի՞նչ կլինի`հիմա մանեւրելու շրջան ենք մտնում: Քառյակի մի մասը հավանաբար, որոշել է, որ մտնում է կոալիցիա, մյուս մասը դեռ առեւտրով է զբաղված`պորտֆելների հետ կապված: Երբ այս բոլոր խմորումները կավարտվեն`նոր պարզ կլինի`քառյակից ինչ է մնում»:

Aravot.am-ի հարցին`իսկ արդի քաղաքական դաշտում ի՞նչ տեղ եւ դիրք ունի ՀԱԿ-ը: Ինչո՞վ ավարտվեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կամ ավարտվե՞ց այն, պատգամավորը պատասխանեց. «Եթե ես լինեի պատմաբան`կգրեի գիրք`ՀԱԿ-ի դերն արդի քաղաքական դաշտում: Սա պատմաբանի կամ քաղաքագետի… հարցրեք ՀԱԿ-ին`իրենք իրենց տեղն ու դերը տեսնո՞ւմ են, թե` ոչ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին վերաբերվող հարցին էլ պատգամավորն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկացած հարցազրույց սպասված է հասարակության կողմից, քանի որ նա շատ հմուտ քաղաքական գործիչ է, որը տարել է մեր ժողովրդին դեպի անկախացում: Բայց գնահատականներ կան, որոնց հետ Ալեքսանդր Արզումանյանը համամիտ չէ: Մասնավորաբար, այն, որ անշրջելի է ՄՄ-ին անդամակցությունը: «Որեւէ անշրջելի բան չկա: Մի քանի տարի առաջ ասում էին`անհավանական է, անկարելի է, որ Հայաստանը լինի անկախ պետություն, Սովետական միությունը քանդվի: Մենք այդ ամենը տեսանք: Էլի որոշ իմպերիաների կործանում կտեսնենք`մոտիկ հարեւանությամբ»:
Ընդհանուր առմամբ, բանախոսը համոզված է որ ՄՄ-ն կամ Ռուսաստանն իրենք չեն պատկերացնում իրենց ճակատագիրը: «Բոլորիս ճակատագրի մի զգալի մասը վճռվում է Արեւելյան Ուկրաինայում կամ Ռուսաստանի այս գործողություններում: ՄՄ-ն չի կայանալու, որպես այդպիսին: Դա քանի տարի կլինի`ժամանակը ցույց կտա, բայց պատմական առումով սա ակնթարթ է, որը թարթելու ենք`գնանք`հարթելով մեր ճանապարհը դեպի անկախ, նորմալ, ժողովրդավարական պետականություն»:
Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, որ մեզ դարձյալ ստել են, քանի որ ՄՄ-ին ձգտելու համար մեզ ներկայացվում էր պատճառաբանություն` Եվրասիական միությանը համահիմնադիր դառնալու եւ մեր շահը լավ սպասարկելու համար: Բայց գործընթացն, ըստ նրա, ցույց է տալիս, որ այդ ամենն արվում է առանց մեզ, քանի որ Եվրասիական միության համահիմնադիրներ երկրների վարչապետները երեք օր առաջ են հանդիպել: Այս ամբողջ իրադարձությունների համատեքստում, բանախոսը գտնում է, որ պետք է վերանայենք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, քանի որ այդ ընկերությունը սնանկացման եզրին է. «Եթե Եվրոպան շարունակի նման սկզբունքային մոտեցում ունենալ եւ սանկցիաները խորացնել, անխուսափելի է, որ ՌԴ-ի ներքին շուկայում գազի գինն էապես բարձրանալու է: Բայց մեզ, որպես հաղթանակ, հրամցվում էր, որ գնում ենք ՌԴ-ի ներքին գնով: Երբ ՌԴ-ի ներքին գինը կդառնա համաեվրոպական գնին հավասար, մենք կհասկանանք, որ կոտրած տաշտակի առջեւ ենք հայտնվել»: Այս իմաստով, Հովիկ Աբրահամյանի կառավարության հիմնական խնդիրը Ալեքսանդր Արզումանյանը համարում է ԻԻՀ-ի հետ հարաբերությունների սերտացումը, դրանց տնտեսական կոմպոնենտի խորացումը, այլընտրանքային գազի ներմուծումը Հայաստան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930