Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. Հովիկ Աբրահամյանն «կոմպրոմիսային ֆիգուր է»

Ապրիլ 14,2014 13:06

Հովիկ Աբրահամյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար անակնկալ չէր այն առումով, որ հրաժարականի առաջին օրվանից շոշափվել է Աբրահամյանի անունը: Բացի այդ, ընդհանրապես, վերջին տարիներին շոշափվել է այդ թեման:

Խնդիրը, սակայն, ըստ պատգամավորի, վարչապետի անձը չէ, այլ ամբողջական համակարգի փոփոխությունը եւ տնտեսական ճգնաժամից դուրս գալը. «Տեսնենք թե ինչ է ներկայացնում կառավարությունը: Տեսնենք թե ինչ ծրագիր կներկայացնի կառավարությունը , ինչպիսի կազմ կունենա, որից հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ»: Այս մասին, այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Տիգրան Սարգսյանի հրաժարականն էլ պատգամավորը չի կապում քառյակի հետ: Նրա համար ակնհայտ էր, որ վարչապետը ինչ-որ պահի պետք է զոհաբերվի, քանի որ վերջին տարիներին կառավարությունը քանիցս տապալվել էր, որեւէ առաջընթաց չէր գրանցել: «Պահը գալու էր, երբ նախագահը զոհաբերելով վարչապետին`կփորձի նորից սկսել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ կրկին ընդգծելով համակարգի փոփոխությունը:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, որ սովորաբար չի ասվում այն, ինչ որ ասվեց նախօրեին`տվել ենք ազատ գործելու հնարավորություն եւ այլն. ի՞նչ է սա նշանակում, Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց. «Հարցրեք նախագահին: Նախագահը ասաց նաեւ, որ արգելվում է կաշառք վերցնել: Այսինքն, փաստացի, մինչեւ վերջերս որեւէ մեկը չէր արգելել եւ որեւէ վարչապետ կամ նախարար որեւէ սխալ բան չի արել, քանի որ արգելված չէր: Այլեւս ոնց որ մտնում ենք նոր փուլ, երբ արգելված է կաշառակերությունը, կոռուպցիան, արգելված են մենաշնորհները: Տեսնենք`այս արգելանքի պարագայում ինչպես կգործեն կառավարության անդամները»:

Aravot.am-ի դիտարկմանը`արժանահավա՞տ են այդ հայտարարությունները հնչում, քանի որ իր պաշտոնավարման հենց սկզբից էլ Սերժ Սարգսյանը համակարգային փոփոխություններին վերաբերվող հայտարարություններ արեց, մարդիկ հույս ստացան, բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, դրանք այդպես էլ հայտարարություն մնացին՝ Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. «Քաղաքական գործչի փեշակն է`մեծ-մեծ խոստումներ տալ, ասել, որ ամեն ինչ անելու ենք կյանքը որոշելու համար: Բայց ընտրողի որոշումն է` կընտրի՞ քաղաքական ուժի, որը, ինչպես դուք եք ասում, տարիներ շարունակ ոչ մի բան չի իրականացրել: Մենք ունենք մի իրավիճակ, երբ տասնյակ տարիներ խոստումներ են հնչել ու իրականություն չեն դարձել: Կընտրի՞ այդ ուժին`կշարունակի խոստումներ ստանալ, չի ընտրի`կձեւավորի նորը»:

Հարցին`Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ ինտրիգային հարցերը լուծվո՞ւմ են, մանավանդ, որ երեկ ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ կոալիցիա չի մտնելու, ՀՅԴ-ն էլ կարծես ԲՀԿ-ին է նայում, պատգամավորը նկատեց, որ իրեն այլընտրանք հռչակելու առաջին օրվանից թիրախ է ունեցել կառավարությունը եւ վարչապետի անձը: Նրա համար ակնհայտ է, որ ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի պարագայում այդքան սուր չի կարող լինել, ԲՀԿ-ի համար ընդունելի ֆիգուր է ու այդ առումով, կողմերի համար կոմպրոմիսային տարբերակ է ընտրվել: ԲՀԿ-ի կոալիցիա մտնել-չմտնելը պատգամավորը դիտարկում է քաղաքական ուժի փչանալու տեսանկյունից: Կմտնի`արագ կվարկաբեկվի, կշարունակի համագործակցելով իշխանական ուժի հետ`ավելի դանդաղ: Բայց, որ հիմա, կախված այս կամ այն քաղաքական ուժի ճաշակի հետ, տերմինների մեծ բազմազանություն կունենանք`կասկած չկա: Մնացյալը, պատգամավորը համարում է ԲՀԿ-ի խնդիրը:

Ալեքսանդր Արզումանյանը չի բացառում, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մինչեւ սեպտեմբերի 30-ը կոմպրոմիսային լուծումներ գտնի նաեւ պարտադիր կուտակայինի մասով:Իսկ ՍԴ-ի որոշումը նա համարում է «մեծ տրակտատ», որի հիմնական ուղերձը թերեւս միայն այն գրողն է հասկանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930