Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանից միանգամից ակնկալիքներ չունեմ, իմ տարիքը չէ». ՀՀԿ-ական պատգամավոր

Ապրիլ 14,2014 13:04

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը շատ է ուրախացել Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի նշանակման լուրից:

«Սրտանց ողջունում եմ պարոն Աբրահամյանի նշանակումը, որովհետեւ երկար տարիներ աշխատել ենք միասին: Մենք գործընկերներ ենք եղել…երբ մարզպետ էր, ես թաղապետ էի, անձամբ եմ ճանաչում, ծանոթ եմ նրա աշխատաոճին: Միանգամից ակնկալիքներ չունեմ, իմ տարիքը չէ, իմ միակ ակնկալիքն այն է, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծվեն, կառավարությունն ավելի արդյունավետ գործի: Համոզված եմ՝ նա օժտված, փորձառու պետական ու քաղաքական գործիչ է, նրա փորձառությունը հիմնված է իրատեսության ու շնորհաշատության վրա»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նրա պատմելով, երբ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ էր, հսկայական աջակցություն է կատարել համայնքներին, ՏԻՄ համակարգին, համայնքների կայացման գործում. «Վստահ եմ, որ կոնկրետ քայլեր կձեռնարկի տնտեսության, ՓՄՁ զարգացման համար»:

Նրա համար պարոն Աբրահամյանի նշանակումը սպասելի էր, որովհետեւ. «Հովիկ Աբրահամյանը կուսակցության եւ պետության մեջ առանցքային դերակատարություն ունեցող մեկն է: Բազում խնդիրներ կան կուտակված, պարոն Աբրահամյանը, լինելով հողին մոտ կանգնած մարդ, առավել մոտիկից ծանոթ լինելով գյուղացուն, ամեն ինչ կանի, որ այստեղ կուտակված խնդիրները լուծվեն: Իսկ Հայաստան աշխարհը միայն Երեւան չէ, պիտի հստակ իմանանք, որ եթե ունենք հարուստ, ուժեղ գյուղ, ուրեմն ունենք հարուստ եւ ուժեղ երկիր»:

Նա վստահ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի լինելու հանգամանքը էական նշանակություն չի ունենալու նրա աշխատանքի վրա ու այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն այլեւս չի քննադատի, ասաց. «Վստահ եմ, որ խնամի- բարեկամ հասկացությունը քաղաքական կատեգորիա չէ, խնամին նշանակություն չունի, ու եթե իր գործունեության ընթացքում այնպիսի քայլեր անի, որ ԲՀԿ-ին կամ մեկ ուրիշին դուր չգա, կբարձրաձայնեն, կքննադատեն»:

Զուգահեռներ տանելով ներկայիս ու նախկին վարչապետների միջեւ, ասաց. «Տիգրան Սարգսյանը ֆինանսական ու բանկային համակարգի լավագույն գիտակներից ու կազմակերպիչներից է, Հովիկ Աբրահամյանը տնտեսության տարբեր ոլորտների գործունեությանն առավել արդյունավետ ծանոթ ու իրատեսական մոտեցում ունեցող մեկը»:

Կառավարության առջեւ ծառացած առաջնահերթ մարտահրավերներից առանձնացրեց բարեփոխումների արդյունավետ իրականացումը, գյուղատնտեսության եւ ՓՄՁ զարգացման խնդիրները: Նա բարեկիրթ չհամարեց խոսել, թե կառավարության նախկին անդամներից որոնք մաս կկազմեն նոր կառավարությունում, հետո ասաց՝ ինքը չգիտի էլ ու բացի դա, չի ցանկանում առաջ ընկնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930