ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանն ու «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեցին ներքին և արտաքին քաղաքական զարգացումներից, մշակույթին նետված մարտահրավերներից եւ նոր կառավարությունից ունեցած ակնկալիքներից:
Ալեք Ենիգոմշյանը կառավարության եւ վարչապետի փոփոխությունից լուրջ ակնկալիքներ չունի: Ասում ՝ դա միանշանակ է իր եւ Նախախորհրդարանին պատկանող մյուսների համար: Ենիգոմիշյանի ձեւակերպմամբ, Հայաստանի խնդիրներն այնքան են խորացել, որոնց լուծումը կառավարության փոփոխությամբ չի կատարվի, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: «Նույնիսկ սահմանադրական փոփոխություններն էական նշանակություն չունեն համեմատած այն էական խնդիրների, որոնց առաջ գտնվում է մեր երկիրը: Դա ընդամենը լուծման պատրանք է, եւ մարդկանց ուշադրությունը շեղելու միջոց: Ցավոք հասել ենք հասել ենք պետության եւ ազգի գոյութենական ճգնաժամի շեմին: Սեպտեմբերից ի վեր, մեր պետությունը գնում է իր ստորոգելիները, ինքնուրույնությունը կորցնելու ուղղությամբ, արտաքին քաղաքականությունը մենք չէ, որ տնօրինում ենք, դարձել ենք դասական իմաստով գաղութային երկիր…«Արեւմտյան աշխարհայացք» ունեցող վարչապետն այժմ փոխվեց ու նոր վարչապետ նշանակվեց քրեաօլիգարխիկ համակարգին հարազատ ներկայացուցիչ: Իսկ դա նշանակում է, որ այս վարչապետից սպասելիքներն առավել քան սին են»,-հայտարարում է Ալեք Ենիգոմշյանը:
Նաեւ գուժում է՝ Սփյուռքում եւս հայությունը ուժասպառ է լինում: Նրա ասելով, Քեսաբի խնդրի մասին ասել, որ Հայաստանը կապ չունի, Քեսաբի սիրիական պետության մաս է կազմում, ընդամենը անբարոյականություն է, հայկական պետականությունը իրավունք չունի պասիվ դիտորդ լինել:
Գագիկ Գինոսյանը խոսքը սկսեց Նժդեհի խոսքերով. «Աշխարհը ունի մեզ ոչնչացնելու վճիռ, մենք չունենք ինքնապաշտպանվելու ծրագիր»: Ապա հավելեց, որ աշխարհը իր վճռի մեջ առայսօր անբեկանելի է:
Կարդացեք նաև
Նա եւս առաջիկայում ձեւավորվելիք նոր կառավարությունից սպասելիքներ չունի: «Ոչ մի լուրջ բան հնարավոր չէ սպասել, քանի դեռ համակարգային փոփոխություններ չկան, իշխանությունները կախյալ են, սերտաճա՝ծ քրեաօլիգարխիկ կլաններին: Այս պարագայում ինչ-որ բանի սպասելը ծիծաղելի է: Ի դեպ, ժամանակին պատերազմը հաղթվել է ոչ առաջին նախագահի, այլ նվիրյալ անհատների կողմից՝ Մոնթե Մելքոնյանների, ազգալդյանների շնորհիվ, այսօր էլ հույսը նվիրյալ անհատներն են: Պետք է գործել, աշխատել, պայքարել: Պետությունը չունի ազգային նկարագիր եւ գաղափարախոսություն: Նման մարդկանցից ազգի համար ծառայություն սպասելը հիմարի կարգավիճակում է դնում բոլորիս»,-նշեց Գինոսյանը: Նա միաժամանակ շեշտեց, որ ինքը քաղաքական դեմք չէ, կուսակցություններ չեմ մտել, փորձում է իր ջանքերով մշակութային ու գաղափարական գործունեության մեջ ինչ-որ բան անել:
«Նման իշխանությունով ոչ միայն Քեսաբը չենք վերադարձնի, այլեւ նոր կորուստներ կունենանք»,- ասում է պարուսույցը ու հավելում, որ ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ ու ապաշնորհ դիվանագիտության արդյունքում եղել է սպիտակ ջարդ եւ հայաթափություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ