«Հովիկ Աբրահամյանը լուծում առաջադրող վարչապետ չի լինելու, այլ իշխանություն ամրապնդման վարչապետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա շեշտեց, թե Սերժ Սարգսյանն իր այս քայլով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն իր խոսքի տերը չէ:
Այնուհետև շեշտեց. «Սերժ Սարգսյանն անում է քայլեր, որոնց մասին հակառակն է խոսել: Գազը չպետք է թանկանար՝ թանկացավ, նորմալ ընտրություններ պիտի անցկացվեին, բայց ունեցանք ամենախայտառակ ընտրությունները, ասոցացման պայմանագիր պիտի ստորագրեինք, բայց պարզվում է Մաքսային միությունը մեր մանկության երազանքն էր, հասարակության համար ընդունելի վարչապետ պիտի նշանակվեր, բայց Սերժ Սարգսյանն ընդունեց ամենաանընդունելի տարբերակը»: Պարոն Մարտիրոսյանը նշում է, թե իր շրջապատում եղած մարդիկ, որոնք իշխանության նկատմամբ չեզոք դիրք ունեին, հիմա՝ այս նշանակումից հետո սվինների վրա են ընդունում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:
Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, թե ոչ իշխանական ուժերը պետք է չտրվեն Սերժ Սարգսյանի «ձիու քայլին»: Ու մեկնաբանեց. «Այս նշանակման առաջին գործոնն այն էր, որ Հովիկ Աբրահամյանը մի անձնավորություն է, որը պետք է իրականացնի ամենակարևոր գործառույթը, ժամանակ շահի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ին և նրա առաջնորդի «ձեռքերն ու ոտքերը» կապի: Այսինքն՝ այս նշանակմամբ նպատակ կա ԲՀԿ-ին բերել որոշակի իշխանության գործընթացների տրամաբանության մեջ: Հովիկ Աբրահամյանի միջոցով փորձելու են կաշկանդել ԲՀԿ-ի գործողությունները»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը պայմանավորված էր արևմտյան և ռուսական գործոններով, բայց ամենակարևորը, ըստ պարոն Նավասարդյանի՝ հետևյալն է. «Ամենաազդեցիկ գործոնը ՀՀ օլիգարխական վերնախավն է, որը խուսափում է ցնցումներից: Հովիկ Աբրահամյանը երևի եղածներից կարող է մարմնավորել կայունության հեռանկարը, ուստի բոլորը ասելով՝ երևի նախագահը նկատի ուներ օլիգարխական վերնախավը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ