Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այս տարի ձվի շուկայում երկու անգամ կատարվել են դիտարկումներ:
Դիտարկումներից առաջինի արդյունքում շուկայից կասեցվել եւ հանվել է 400 ձու, իսկ երկրորդի արդյունքում կասեցվել մոտ 4860 հատ ձու, որոնք չեն համապատասխանել ՀՀ տեխնիկական կանոնակարգին եւ եղել են ժամկետանց:
Դիտարկումներն իրականացվել են Երեւանի,Լոռու եւ Շիրակի մարզերի շուկաներում: Դիտարկումները հիմնականում իրականացվել են բողոքների հիման վրա:
Պրն Ղուլյանը նշեց, որ այս ժամկետանց ձվերի թվի մեջ մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երկրորդ անգամ դիտարկումներն անցկացվել են ոչ միայն վաճառակետերում, այլեւ պահեստներում. «Երկրորդ անգամ 4860 հատ ձվի ոչնչացումը կապված է եղել նրա հետ, որ ներմուծող կազմակերպությունները ձուն պահել են 25 օրից ավելի, որն արդեն համարվում է ժամկետանց: Դիտարկումները նաեւ անցկացվել են ներմուծման պահեստներում, եւ հայտնաբերված ժամկետանց ձուն ոչնչացվել է»:
Կարդացեք նաև
Այս տարի ներմուծվել է 2 մլն 900 հազար հատ ձու՝ 4 հանրապետություններից Բուլղարիա, Իրան, Բելորուսիա եւ Ուկրաինա:
Պրն Ղուլյանն ասում է, որ նման դեպքերում օրենքով տուգանք չկա, քանի որ արդեն ապրանքի մեծ ծավալի ոչնչացումը կարելի է տուգանքից ավելին համարել:
Դավիթ Ղուլյանը հայտնեց, որ Զատիկին ընդառաջ վերահսկողություն է իրականացվելու շուկայում: «Կուզենայի տեղեկացնել խախտումներով ձու վաճառող տնտեսվարողներին, որ ապրանքը անմիջապես կկասեցվի եւ կհանվի շուկայից»:
Պրն Ղուլյանի խոսքերով՝ Զատիկին ընդառաջ մեծ սպառման շուկա կա, որը պետք է վերահսկել: Սակայն չցանկացավ նշել՝ երբվանից են սկսվելու կատարել դիտարկումներ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ