Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը Զինված ուժերի գնդապետ Արտակ Բուդաղյանն է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»:
Մերի Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 265 հոդվածի համաձայն, քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին` դրանց ծանոթանալու համար, այսինքն նախաքննությունը դեռ չի ավարտվել և գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Դրանից հետո միայն գործը կուղարկվի դատարան:
Թեպետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ տարածվում էր 2013 թվականի Համաներում կիրառելու մասին Ազգային ժողովի որոշումը, սակայն Բուդաղյանը չի համաձայնել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի և ինչպես Մերի Սարգսյանը տեղեկացրեց, համաներում կիրառելու մասին համաձայնության դիմում չի ներկայացրել:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում