Ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր դիմել Նորապատ գյուղի 61-ամյա մի բնակչուհի և հաղորդում տվել, որ ժամը 19.30-ի սահմաններում իրենց տան բակում, վիճաբանության ժամանակ, 1959 թ. ծնված Հովհաննես Խ.-ն և 1985 թ. ծնված Արտյոմ Թ.-ն ծեծի են ենթարկել իր որդիներին` 1970 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 1971 թ. ծնված Տիգրան Ա.-ին, Համլետ և Աշոտ Ա.-երին, ինչպես նաև իրեն` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Կառլեն Մ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կառլեն Մ.-ին նշված վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել և վնասվածքը պատճառել է Տիգրան Ա.-ն, որը 2007 թ. ապրիլի 17-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
Ապրիլի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Տիգրան Ա.-ն ժամը 15.35-ին Նորապատ գյուղից բերման է ենթարկվել բաժին:
Տիգրան Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: