Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի. Ավերակների վերածվող ամրոցներ. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Ապրիլ 14,2014 11:51

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո գյումրեցիները, ահավոր աղետից քաղաքին հասած ավերածությունները բնութագրելով, ասում էին, թե երկրաշարժը Լենինականը տարավ, Գյումրին մնաց: Այս խոսքերի ենթատեքստում խորհրդային հատկապես վերջին տասնամյակում քաղաքում կառուցված բարձրահարկերի անորակության արձանագրումն էր: Իրոք, Գյումրու ավելի քան հայլուր տարի առաջ կառուցված շենք-շինությունները, թեև վնասվեցին, սակայն գրեթե ամբողջովին կանգուն մնացին՝ այն դեպքում, երբ դրանք երկրորդ անգամ էին դիմագրավում ուժեղ երկրաշարժի: Իսկ Գյումրին գեթ մեկ անգամ տեսած յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ հին քաղաքն իրոք մի մեծ թանգարան էր բաց երկնքի տակ՝ իր հարյուրավոր շենք-կոթողներով: Սակայն հետերկրաշարժյան տարիներին ահավոր աղետին դիմագրաված կառույցները մատնվեցին անուշադրության և կամաց-կամաց քանդվեցին ու շարունակում են քանդվել, իհարկե՝ ոչ առանց մարդկային միջամտության:

Հին Գյումրու կործանվող ու աղբանոցի վերածված շենք-հուշարձաններից են դեռ 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից կառուցված տասնյակ կարևորագույն պատմական պաշտպանական կառույցները՝ բերդերը: Եթե Ախուրյանի ափից ոչ հեռու գտնվող ամրոցախմբի կառույցներից մեծը՝ գյումրեցիների լեզվով ասած՝ Սև ղուլը, նախորդ տարիներին մասնավորեցվեց ու աղբանոցի վերածվելու դառը ճակատագիրն այլևս չի սպառնում դրան, ապա փոքրիկ Սև բերդը կամ Պայտաձեւ ամրոցը, իրեն կից երկու փոքրիկ բերդաձև կառույցներով հանդերձ, կործանման վտանգի առջև է հայտնվել: Ամրոցներն օր-օրի քայքայվում են, քանդվում են պատերը, շուրջբոլորն ավելանում են շինաղբի հսկայածավալ կույտերը, և ամրոցների ներսն աղբով է լցվում:Ու եթե շուտափույթ ՀՀ կառավարության կողմից որոշումներ չկայացվեն դրանք պահպանելու և վերականգնելու մասին, ապա հարյուրավոր այլ շքեղ հուշարձանների նման դրանք ևս կկորցնենք անվերադարձ:

 «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը Գյումրու անտերության մատնված Պայտաձեւ ամրոցի և դրան կից երկու փոքրիկ ամրոցների անմխիթար վիճակի մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930