Հանրությունը վաղուց սովորել է «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատիրոջ՝ պարոն Մանվել Տեր Առաքելյանի «սև փիարի» աղմկալի արշավներին, կապված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ ի և «Յունիբանկ» ՓԲԸ ի («Բանկ») միջև տեղի ունեցող դատական վեճերի հետ: Տարիներ շարունակ Բանկն արհամարհել է այդ աղմկալի դրսևորումները, ինչը ռեստորանատերը, թերևս, սխալ է ընկալել: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ շուտափույթ կառուցողական քայլեր ձեռնարկելու փոխարեն նա որոշել է հերթական աղմուկը բարձրացնել մամուլում` անցնելով բոլոր սահմանները:
31.03.2014թ. ին ռուսաստանյան ՌԵԳՆՈՒՄ ԼԳ ի կայքէջում հրապարակվել է ռեստորանատիրոջ ընդարձակ հարցազրույցը «Կռվելու եմ մինչև վե՛րջ» («Буду драться до конца!») խորհրդանշական վերնագրով: Հարցազրույցում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ պնդումներ և անթույլատրելի սադրիչ արտահայտություններ՝ Բանկի և Բանկի ղեկավարության հասցեին: Բաց թողնելով մանրամասները, հարկ է նշել, որ հրապարակումը եղել է այն աստիճան անթույլատրելի, որ արդեն հաջորդ օրը ամենասադրիչ դրվագներն ինքնուրույն հեռացվել են լրատվական գործակալության կայքէջից՝ առանց Բանկի որևէ միջամտության: Ողջ հարցազրույցը հեռացվել է նույն կայքից մի քանի օր անց:
Հաշվի առնելով խոսքի ազատության իրավունքի չարաշահման անթույլատրելի բնույթը, Բանկը՝ օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքներից, 11.04.2014թ.-ին պարոն Մանվել Տեր-Առաքելյանին ուղարկել է համապատասխան գրություն, ինչպես նաև դրան կցված Հավելված 1-ը՝ «Հրապարակային ներողության և հերքման տեքստը» և Հավելված 2-ը՝ «Բանկի պատասխանի տեքստը»:
Ցավոք, Բանկի պատշաճ կեցվածքը՝ վեճը կարգավորելու պատրաստակամությունը և անտեղի կերպով կտրուկ պատասխան քայլերից զերծ մնալու բարի կամքը հավուր պատշաճի չեն գնահատվել ռեստորանատիրոջ կողմից: Ռեստորանի ֆեյսբուքյան էջում զետեղվել է հարցազրույցի խմբագրված տեքստը, որը մտորումների տեղ տվող բազմաթիվ «շտկումներ» է պարունակում: Մասնավորապես, հեռացված են առավել սադրիչ՝ զրպարտչական և վիրավորական դրվագները: Մնում է եզրակացնել, որ պարոն Մանվել Տեր-Առաքելյանը խուսափում է պատասխան տալ ինչպես գործարար պարտավորությունների, այդպես էլ սեփական խոսքերի համար:
Կարդացեք նաև
Բանկը դեռևս ձեռնպահ է մնում պատասխանի տեքստը հրապարակելուց (այն ուղարկվել է միայն անձամբ պարոն Մանվել Տեր-Առաքելյանին)` ընձեռելով ռեստորանատիրոջը սխալներն ուղղելու հնարավորություն: