Ի տարբերություն Կրեմլի, Բաղրամյան-26- ում ոչ երեկ, ոչ էլ, առավել եւս այսօր, հնարավոր չեն միանձնյա որոշումները, հնարավոր չէ անսքող թելադրանք: Ւ տարբերություն Ռուսաստանի Պետդումայի, մեր Ազգային ժողովը չի կարող գործել առանց ընդդիմության:
Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական համակարգերի տարբերությունը պայմանավորված է տնտեսության տարբեր կառուցվածքներով: Ռուսաստանում նավթ կամ նիկել վաճառելու համար առանձնապես ջանք չի պահանջվում: Օլիգարխ (նման ձեռնարկության նոմինալ սեփականատեր) կարող է նշանակվել ցանկացած «պոլի փետ», միայն թե հավատարիմ ծառայի բարձրագույն նոմենկլատուրայի շահերին: Հայաստանի հայտնի օլիգարխների հիմնական մասը (բացառությամբ վերջերս չափից դուրս բուռն տեմպերով զարգացող հանքարդյունաբերության) այնուամենայնիվ ինչ-որ հմտություններ պարտավոր են դրսեւորել, որովհետեւ ներկրումը, առեւտուրը եւ նման բաներ իրականացնողը չի կարող բացարձակ «պոլի փետ» լինել:
Այո, նրանք Սպինոզաներ չեն, խաղում են անազնիվ կանոններով, ունեն անօրինական արտոնություններ, մուծվում են «վերեւներին» եւ այլն: Սակայն նրանք այն մարդիկ չեն, որոնց իշխանությունը պարզապես դրել է նավթի խողովակի մոտ եւ ցանկացած պահի կարող է փոխարինել մեկ ուրիշ անձով: Դրա համար էլ՝ Հայաստանում, բացի «Բջնին» մի օլիգարխից մյուսին քաղաքական պատճառներով փոխանցելու ամոթալի պատմությունից, նմանատիպ դեպքեր, կարծես թե, չեն գրանցվել: «Արմավիան» դրա վառ օրինակն է. պատահական մարդ չի կարող կազմակերպել նման բիզնես՝ դա ավելի բարդ է, քան բենզինը ներկրել եւ բենզալցման կայաններ աշխատեցնելը, եւ պրոֆեսիոնալիզմի պակասն ի վերջո բերում է սնանկացման ու տվյալ ոլորտի տապալման:
Այսպիսով, Ռուսաստանում Պոտանինի կամ Աբրամովիչի շուրջը չեն կարող «ոչ իշխանական» եռյակներ կամ քառյակներ ձեւավորվել՝ նույն պահին այս գործարարները կհայտնվեն այնտեղ, որտեղ երկար տարիներ անցկացրել է Միխայիլ Խոդորկովսկին: Հայաստանում նման «ֆրոնդա», ինչպես տեսնում ենք, հնարավոր է: Գումարած, իհարկե, «սուբյեկտիվ գործոնը»՝ ներկայիս իշխանությունը ցանկանում է խնդիրները լուծել՝ հնարավորինս խուսափելով կոնֆլիկտներից եւ առճակատումներից:
Կարդացեք նաև
Այդ առումով նոր վարչապետի դերը «քաղաքական է»՝ իհարկե, այդ բառի յուրահատուկ, հայկական իմաստով. նա պետք է հավասարակշռի օլիգարխիկ տարբեր խմբերի շահերը: Այդ առումով դժվար թե ավելի լավ ֆիգուր գտնվի, քան Հովիկ Աբրահամյանը, որի աշխատանքը կարող է նպաստել ներքին կայունությանը: Ի դեպ, ես դրա մասին գրել էի դեռեւս 2008 թվականին՝ մինչեւ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակելը:
Իհարկե, շահերի հավասարակշռումը եւ ներքին կայունության ապահովումը ոմանց կարող են երկրորդական եւ անկարեւոր թվալ: Բոլոր տեսակի պոպուլիստները կբացականչեն՝ «բա ժողովո՞ւրդը, որը բռնել է պանդուխտի ցուպը» եւ այլն: Իշխանական եւ ոչ իշխանական գործիչները կասեն, որ նպատակը պետք է լինի տնտեսական զարգացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը, պայքարը մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ: Ընդդիմադիրներն էլ կասեն, որ այդ պայքարից ոչ մի բան չի ստացվի, քանի «այս ռեժիմը» չի հեռացել:
Այս իմաստով ես ավելի «ռադիկալ եմ», քան նույնիսկ ընդդիմադիրները. կարծում եմ, որ օլիգարխիկ մի խումբը մյուսով փոխելով էլ բան չի ստացվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ