Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզու իմանալը լավ բան է

Ապրիլ 14,2014 10:45
namak

Լարեց ուժերը, պետք է որ կարողանա հաղթահարի։ Չե՞ որ վերջին մարզումներին հաստատուն և լավ ցուցանիշներ էր ունեցել։ Իսկ առաջադրված վարժությունները բարդ էին. ոչ ողորկ պատի վրայով ուղղահայաց ուղղությամբ բարձրացում, տեղից ակնթարթային պոկումով վազք, արագ վազքի ընթացքում անսպասելի կտրուկ շրջադարձ։ Այդ վարժություններն իրեն կրկնել տվեցին այնքան անգամ, որ իր մոտ դրանք սկսեցին ստացվել անթերի։ Հայրը և մայրը ասեցին, որ ինքն այդ տարիքում արդեն նման ցուցանիշներով իրենց կարողանում է գերազանցել, իսկ դա նշանակում էր դեպի մեծ աշխարհ ինքնուրույն մուտքի թույլտվություն։ Բայց նաև պարզաբանեցին, որ իրենք բացարձակ ինքնուրույն չեն։ Ինչպես ցանկացած հասարակության մեջ, այնպես էլ իրենց մոտ առկա ներքին հարաբերությունները կանոնավորվում են կառավարման որոշակի ձևի համապատասխան։ Ըստ այդ ընդունված ձևի հասարակության բազմության բլրի վրա պետք է մեկը ղեկավարող լինի։ Դրա համար կամ ՆՐԱՆ ընտրում են, կամ էլ այդ մեկը կարողանում է ինքնուրույն, իրեն հայտնի ձևերով, բարձրանալ այդ բլրի վրա։ Այդ մեկը կարգավորում է հասարակության ներքին հարաբերությունները և տալով որոշակի ուղղվածություն, յուրաքանչյուրի համար ապահովում է որոշակի դերակատարություն։ Եթե դժգոհում են այդ ղեկավարի սխալ որոշումներից, կամ կողմնակալության երևույթ է հայտնաբերվում, հասարակությունը փորձում է նրան ստեղծված ղեկավարման բլրի գագաթից ցած գցել, փոխարինելով մեկ ուրիշով….

Ամեն դեպքում եկել էր ժամանակը ըստ սահմանված կարգի իրեն ներկայացնելու ՆՐԱՆ։ Երբ ինքն ու հայրը հայտնվեցին տեսակցության համար որոշված տեղում, այնտեղ կիսամութ էր։ Սենյակի դուռը կիսաբաց էր, այդ պատճառով էլ իրենք հեշտությամբ ներս մտան։ ՆԱ պառկած էր դիվանին՝ հայացքը դեպի կիսաբաց դուռը։ Հայրը ՆՐԱՆ դիմելով ներկայացրեց իրեն.
– Ինքն է։
– Լսել եմ լավ արդյունքներ ունես, դա լավ է։ Մեզ մեր շարունակականությունը ապահովելու համար առողջ սերունդ է պետք, զգույշ եղիր, – կիսաբաց կոպերի տակից զննողական հայացքով իրեն նայելուց հետո հոգնած ձայնով ասեց ՆԱ ու ձեռքով նշան արեց։
– Մեր գնալու ժամանակն է, – փսփսած հայրը իր ականջին ու իրենք արագ հեռացան։
Փաստացի այդ հանդիպումը նշանակում էր, որ նրան միայնակ գործելու թույլտվություն էր տրվել։ Ինքը, ըստ ծնողների խորհրդի, սկզբնական շրջանում մարդաշատ վայրերում չպետք է հայտնվեր, կասկածելի շփումներից էլ պետք է խուսափեր, քանի որ հաճախակի կարող էին լինել այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում ինքը կարող է չկարողանար արագ ու ճիշտ որոշում կայացնել։ Հատուկ ընդգծեցին, որ միայն մարզվածության, լավ լսողության և տեսողության վրա հույս դնելը քիչ է։ Պետք է միշտ լինել զգոն, գործել խելացի՝ ըստ իրավիճակի ճիշտ կողմնորոշվելով, իսկ երբ անելանելի իրավիճակ է առաջանում՝ լսել ու հավատալ ներքին ձայնի ցուցումներին։ Ներքին ձայնն որտեղից է գալիս, իրեն չկարողացան բացատրել, բայց այն կա, գոյություն ունի և հայտնվում է չգիտես որտեղից միայն ծայրահեղ իրավիճակներում։

Մութ էր արդեն, աստղեր չկային, եղանակը համեմատական անվտանգ պայմաններ էր ենթադրում։ Դուրս եկավ, զգուշությամբ հետախուզեց տարածքը։ Արագ սնունդի հանդիպեց, զգուշորեն համտեսեց, ոնց-որ վատը չէր, օգտվեց։ Բլրակի դեմ առավ, բարձրացավ, նորովի զննեց շրջապատը։ Պողոտայով լույսերը վառ վառած մեքենաներ էին սլանում։ Ճանապարհի երկու կողմերում գտնվող մայթերով մարդիկ էին քայլում։ Նրանք խանութներ էին ելումուտ անում: Դուրս գալիս նրանցից շատերի ձեռքերին մեծ, լիքը տոպրակներ էին, հիմնականում՝ սննդով լեցուն։ Մայթերին կից գտնվող շենքերի պատուհաններից վառ լույսեր էին դուրս գալիս։ Աչքերը կկոցեց. վառ լույսին երկար նայելը վնաս է տեսողությանը։
Բլրակը գետնի նման պինդ չէր։ Այն փափուկ էր ու դուրեկան ջերմությամբ։ Հանգստանալու համար հարմար տեղ էր։ Կարելի էր նաև մի քիչ քնել։ Հարմարվեց. լավն է մեծ աշխարհը։ Մեկ էլ…..բլրակը շարժվեց։ Եթե երկրաշարժ է, այն, ինչպես իրեն նկարագրել էին, պետք է ուղղահայաց տատանողական շարժումներով արտահայտվեր։ Բայց չէ, սա ուրիշ բան է։ Այն բարձրացավ նախկինի համեմատ մոտ կրկնակի բարձրությամբ, բարձրանալն ավարտվեց, ու մինչ կփորձեր գնահատել կատարվածը, հետևեց աջ և ձախ կողմերի վրա ուժեղ տատանողական ցնցում։ Ինքը շպրտվեց։ Գետնին ընկնելիս գլորվեց սովորեցված ձևով, մի ակնթարթ անշարժանալով՝ փորձեց հասկանալ առաջացած իրավիճակը։ Բլուրը, զույգ լազերանման լույսերը վառ միացրած, դեպի իրեն էր գալիս։ Բա արձակած ձայնը։ Փշաքաղվեց և ակնթարթային վազքով պոկվեց տեղից։ Կտրուկ շրջադարձ կատարեց շենքի պատի մոտ։ Չէ, չպրծավ։ Նորից ակնթարթային պոկումով վազք, շրջադարձ, վազք, շրջադարձ, վազք — ի՞նչ անի։ Բաց դռնով ներս մտավ, գուցե հաջողվի թաքնվել։ Այստեղ պատերը ողորկ են, բարձրանալը չի ստացվի։ Նորից վազք և ….փակուղի։ Միթե սա վերջն է։ Ուղեղով տեսագրության նման անցավ ամբողջ մանկությունը, մարզումները՝ փուլ առ փուլ։ Ոնց որ բոլորը կիրառել է։ Թե՞ ոչ։ Այս ի՞նչ անծանոթ ձայն է։
– Ներքին ձայնն եմ, իմ մասին քեզ ասվել է։
– Ինչ պետք է անեմ այս իրավիճակում։
– Իմ գործը քեզ հիշեցնելն է, հիշեցնում եմ։ Հայրդ քեզ առանձին իր գաղտնի քայլի մասին պատմել է: Երբ նա պատմել է իր կողմից այն կիրառելու մասին, մեծերը նրան չեն հավատացել։ Հիմա արտակարգ իրավիճակ է, այլ ելք դու չունես, այն պետք է կատարես համոզիչ, առանց կակազելու, վստահ ձևով, լուսավորությունն էլ ՝ տեսանելիության իմաստով, այս դեպքին հարմար է։ Հենց հիմա շրջվիր, համարձակ նայիր մոտեցողի աչքերին և այդ պահին էլ կիրառման կարգը կհայտնվի քո ուղեղում։ Չվախենալը շատ կարևոր է։
Կտրուկ շրջվեց ու համարձակ նայեց իրեն մոտեցող բլրակի ճառագայթող զույգ լույսերին։ Կիրառեց .
– Հաֆ, հաֆ, հաֆ….
– Թու, շան ձագ է, – դժգոհ մռլտաց դեպքերի նման զարգացումից անակնկալի եկած կատուն ու հեռացավ։ Դեռ լավ է շնիկի մայրը մոտերքում չէր, փորձանքից պրծավ։ Ինչ էլ արագ էր վազում շան թուլեն։
– Ճիշտ էր ասում հայրս, լեզու իմանալը լավ բան է, – շունչը տեղը բերելով մտածեց սարսափահար մկնիկը։
Գագիկ Շոլինյան
Ալավերդի
 Երևան 19.11.2013 -13.04.2014 թ.թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930