Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հանձնաժողովի (ԲԶՀ) 47-րդ նստաշրջանում

Ապրիլ 13,2014 23:24

 Նյու Յորքում իր աշխատանքներն է ավարտել ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հանձնաժողովի (ԲԶՀ) 47-րդ նստաշրջանը, որի ավարտին, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ընդունվել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ԲԶՄՀ) գործողությունների ծրագրի իրականացման գնահատման կարգավիճակ» բանաձևը՝ որպես եզրափակիչ փաստաթուղթ։ 1994թ. Կահիրեում տեղի ունեցած ԲԶՄՀ-ի 20-ամյակի լույսի ներքո անցկացվող նստաշրջանի բացմանը ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը, Բնակչության հիմնադրամի (ԲՀ) գործադիր տնօրենը, մեծ թվով անդամ պետությունների ներկայացուցիչներ, իսկ նստաշրջանի ընթացքում տարբեր թեմատիկ քննարկումների բանախոսների շարքում են եղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը, ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացն ու Գլխավոր քարտուղարի երիտասարդների հարցերով հատուկ բանագնացը։

Ընդգծելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացված «ԲԶՄՀ-ի ետ-2014թ. դիտարկման» տարածաշրջանային գործընթացում և գնահատելով մասնավորապես ԲՀ-ի առանցքային դերը տարածաշրջանային դիտարկումների և գլոբալ զեկույցի պատրաստման գործում` ՀՀ պատվիրակությունը ՄԱԿ-ում նշել է 1994թ. Կահիրեի գործողությունների ծրագրի դրույթների իրականացման ուղղությամբ երկրի ձեռնարկած քայլերը։ Ներկայացվել են վերջին երկու տասնամյակում հիմնական օրենսդրական նախաձեռնություններն ու որոշումները, որոնց իրագործմամբ Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել բնակչության կայուն զարգացման հարցերում, մասնավորապես երեխաների, երիտասարդների, տարեցների, կանանց սոցիալական ապահովության և իրավունքների պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի, մարդկանց առևտրի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ առնչվող տարբեր խնդիրների լուծման տեսանկյունից։

Ըստ ՀՀ պատվիրակի` չնայած 1994թ. ԲԶՄՀ-ին հաջորդած տարիներին գրանցված զգալի առաջընթացին` դեռևս անելիքներ կան ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում, ներառյալ բնակչության և զարգացման ռազմավարությունների ամրապնդման, սեռական/վերարտադրողական առողջության և իրավունքների, գենդերային հավասարության ապահովման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, ժողովրդագրական և միգրացիոն զարգացումների արդյունավետ համակարգման ուղղությամբ։ Պատվիրակությունը ՄԱԿ-ի այս կառույցի տարեկան նստաշրջանին հայտնել է նաև Հայաստանի պատրաստակամությունը աշխատելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերոհիշյալ հարցերը լիարժեքորեն արտացոլվեն ետ-2014թ. բնակչության և զարգացման օրակարգում և ստանան համապատասխան լուծումներ։

 

Արտաքին գործերի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930