«Մի օր դու ինձ կհարցնես` ես քեզ եմ ավելի շատ սիրում, թե վարչապետին, ես կասեմ` վարչապետին, ու դու նեղացած կգնաս, տենց էլ չիմանալով, որ մենք վարչապետ չունենք»: Մի քանի օր առաջ վիրտուալ հարթակում բավականին արագ տարածված և ակտիվ շրջանառված այս քաղաքական հումորի հեղինակային իրավունքները պատկանում են ֆեյսբուքյան «Օնլայն կոմիքսներ» էջին:
Վարչապետի հրաժարական, բողոքի ակցիաներ, եղանակային փոփոխություն, կյանքից վերցված միջադեպեր կամ թե երթուղայինում լսած զվարճալի երկխոսություն.տվյալ ժամանակահատվածում ցանկացած արդիական թեմա, իրադարձություն, քննարկում այս էջի համար դառնում է հումք՝ կարճ անեկդոտներ, կամ հումորային կոմիքսներ ստեղծելու համար: Սա էջի միակ հումորը չէ, որին հաջողվել է տարածվել վիրտուալ աշխարհից դուրս:
Վերջերս մի քանի թերթերում տպագրվել էր մեկ այլ քաղաքական հումոր: Լուրեր են պտտվում, թե այս սրամիտ երկխոսությունը օգտագործում են նույնիսկ նախարարներ ու պատգամավորներ՝ կառավարության ու Ազգային Ժողովի միջանցքներում: Հարցնում են՝ ո՞րն է իսկական սերը, պատասխանն է՝ իսկական սերը այն է, երբ Նա հանրապետական է, իսկ դու աչք ես փակում դրա վրա:
Կոմիքսները պարբերաբար հայտնվում են տարբեր կայքերում՝ ՛՛Օրվա հումոր՛՛ ենթաբաժնում: Էջը չի վախենում ռիսկերի գնալ, ստեղծում է հումորային թեմատիկ շարքեր (օրինակ՝ արի գրկեմ,պապային կբարևես, մի արա տենց և այլն) : Սկզբնական շրջանում շատ թեմատիկ էջեր չէին սիրվում, հումորը չէր ընդունվում ու հասկացվում: Բայց ադմինների ջանքերի շնորհիվ, ի վերջո, այս էջը դարձավ ֆեյսբուքահայության սիրելին:
Կարդացեք նաև
Էջն ունի քսան հազարից ավելի հետևորդ, կոմիքսները ֆեյսբուքյան էջում հայտնվելուց վայրկյաններ անց կայծակնային արագությամբ տարածվում են համացանցով մեկ՝ դրանով իսկ ապացուցելով, որ հետաքրքիր մտքերն ու սրամիտ հումորը միշտ գնահատվում են:
Չնայած սոցկայքերում հաստատված շատ հումորային էջերի, «Օնլայն կոմիքսները» միակն է, որին հաջողվել է ոչ միայն որակյալ հումոր ստեղծել, այլ արդեն հումոր թելադրել: Իսկ հումոր մեզ թելադրում է երիտասարդների մի խումբ, որոնք ստորագրում են բացարձակապես իրենց կեղծանուն-նիքնեյմներով. ադմին Տա, Շա, Քշերվասմեն, Հնդիկ, Պուխ, Սիրառատ… Նրանցից ադմին Տան կիսվեց էջի մի քանի գաղտնիքներով.
– «Օնլայն կոմիքսներ» էջը ստեղծվել է 2012 թվականի վերջերին: Մենք՝ ադմիններով, ընկերներ ենք: Հատուկ Ձեզ համար մի գաղտնիք բացեմ. ստեղծվելու օրվանից մինչ օրս մեզ մոտ ադմինների փոփոխություն չի եղել, այս տարիների ընթացքում պահպանվել է նույն կազմը՝ չնայած նրան, որ մեզնից յուրաքանչյուրը ներկայանում է մի քանի կեղծանուններով: Երբեմն հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. ասում են՝ այս կամ այն ադմինին շատ եմ սիրում, կամ մի ադմինի կոմիքսներն ավելի են հավանում, մյուսին՝ փնովում: Բայց իրականում երկու նիքնեյմների ետևում նույն մարդն է լինում: Էջի այցելուները չեն նկատում, որ նույն անձն է երեք կամ չորս ադմինի անունով հանդես գալիս:
-Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետ է կապված էջի՝ այսքան մեծ հաջողության հասնելը: Եվ ինչո՞վ է պայմանավորված հատկապես քաղաքական հումորների մեծ տարածումը:
– Հաջողության գաղտնիքն անկեղծությունն է. կյանքում ցանկացած անկեղծ քայլ դատապարտված է հաջողության: Մեր էջում չկա որևէ թեմա, որն արգելված լինի: Վստահ կարող եմ ասել, որ մեր էջն այն քչերից է, որտեղ պտտվում են նույնիսկ ցենզուրայից դուրս հումորներ: Էջի անկախությունն ամենակարևորն է մեզ համար: Մենք քաղաքական հումորներ, որպես այդպիսին, շատ քիչ ենք անում, բայց դրանք հիթ են դառնում: Կարևոր մի սկզբունք կա մեզ համար. երբեք չվիրավորել ոչ մեկին: Մենք ծաղրում ենք երևույթը, այլ ոչ մարդկանց, և ուրախալի է, որ մեզ հենց այդպես էլ ընկալում են: Չնայած դրան, փորձում ենք քաղաքական հումորներին դիմել միայն խիստ արդիական թեմաների դեպքում. մենք չսիրել պոլիտիկա:
-Ինչքա՞ն ժամանակ է խլում կոմիքսների ստեղծումը: Արդյո՞ք եղել են դեպքեր, երբ Ձեզ մոտ խոսել են էջից՝ առանց իմանալու, որ հենց Դուք եք հեղինակներից մեկը:
-Ես այնքան ժամանակ եմ անցկացնում էջում, որքան ժամանակ ունեմ հանգստանալու համար: Որովհետև ես հանգստանում եմ մեմեր նկարելիս, մեր հերոսներին հագուստ հագցնելիս, օրվա ընթացքում, չմոռանալու համար, հեռախոսիս գրառումները կոմիքսի վերածելիս: Ցավում եմ, որ երբեմն ժամանակ չի լինում նոր կոմիքսներ սարքելու համար: Ես տանջվում եմ այդ մտքից , որովհետև մարդիկ սովորել են, փնտրում են, գրում են, թե ինչու չկա, իսկ ես պատասխանատու եմ այն մարդկանց առաջ , ում ընտելացրել եմ իմ հումորներին: Շատ է եղել, երբ իմ ներկայությամբ մեր էջից են խոսել: Ես «քրքրել» եմ, հարցաքննել, կարծիք հարցրել: Եղել է՝ երթուղայինում են խոսել երկու ընկերուհի, եղել է՝ կողքիս նստած ուղևորը ծիծաղել է, աչքիս պոչով նայել եմ ու տեսել, որ հեռախոսով նայում է քիչ առաջ աշխատավայրից հրապարակած իմ կոմիքսը: Եթե մոտ մարդ է եղել՝ ասել եմ, որ ես էջի ադմիններից մեկն եմ: Նույնիսկ եթե չգիտեն դրա մասին, հաճելի է, երբ մարդկանց ծիծաղ ես պարգևում:
Սյունե ՍԵՎԱԴԱ