Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստները նվաճեցին ևս հինգ մեդալ:
Պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի:
Պատանիներից Դավիթ Խաչատրյանը /52 կգ/ և Նաիրի Կարապետյանը /81 կգ/ կանգնեցին պատվո երկրորդ հարթակին որպես արծաթե մեդալակիրներ:
Իսկ երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր ամենախոստումնալից մարզիկներից Գրիգոր Մխիթարյանը: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս անգամ էլ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից և արժանիորեն գրավեց առաջին տեղը: Ի պատիվ մեր չեմպիոնի Կասերեսի մարզապալատում այսօր նույնպես հնչեց հայոց օրհներգը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը /75 կգ/, արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը /60 կգ/, ոսկե՝ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հաղթած Լենդրուշ Զատիկյանը:
Այսպիսով, մեր մարզիկներն արդեն նվաճել են 2 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալ:
Հուսով ենք, վաղը՝ ապրիլի 13-ին նույնպես մեդալներ կլինեն:
Սամբոյի ֆեդերացիա