Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում «Նոր տնտեսական քաղաքականության» վերաբերյալ միասնական կարծիք չկա՞

Ապրիլ 12,2014 23:43

Այսօր Ծաղկաձորում անցկացված ոչ իշխանական չորս ուժերի «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով քննարկման ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն այն միտքն արտահայտեց, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել, կամ բացառել պետության միջամտությունը տնտեսական գործունեությանը:

Ընդմիջմանը ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անհամաձայնություն հայտնեց իր կուսակցի այս մտքերին: «Պետության մասնակցությունը տնտեսական կառավարմանը միանգամից հերքել այսօր, ներկայիս դարաշրջանում չի կարելի: 19-րդ դարի վերջին, դասական տնտեսագիտության ժամանակահատվածում, երբ պետությունը տնտեսական  գործառույթներ էր իրականացնում, այն ժամանակ այնքան էլ արդյունավետ չէր կառավարում: Հետեւաբար, այդ ժամանակահատվածի տնտեսագիտական միտքը գտնում էր, որ պետք է ավելի շատ տնտեսական ազատությունների զարկ տալ եւ պետությունը չպետք է խառնվի տնտեսության կառավարման գործերին: Հաջորդ դարաշրջանի 30-ական թվականներին գտան, որ պետության միջամտությունը տնտեսությանը որոշակիորեն պետք է արտացոլվի, քանի որ հնարավոր չէ միայն տնտեսական ազատությունների միջոցով հասնել արդյունավետ կառավարման: Պետությունը պետք է իր որոշակի լծակներով կարողանա տնտեսվարողների համար ստեղծել գործունեության բարենպաստ այնպիսի դաշտ, որպեսզի արդյունավետությունն, ի վերջո, սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություն տա:

Երբ խոսում ենք սոցիալ-տնտեսական զարգացման մասին, այո, շուկան ղեկավարվում է անկախ բիզնեսմենների կողմից, տնտեսական քաղաքականությունն իրականացվում է շուկայական միջավայրում: Բայց սոցիալական քաղաքականությունն արդեն տնտեսական միջավայրի խնդիր չէ: Դա գնում է դեպի իրավասությունների շրջանակ: Ուստի տնտեսությունը պետք է կառավարել եւ հնարավոր միջոցներ հայթայթել սոցիալական ծրագրեր իրականացնելու համար: Այդ դեպքում պետության խնդիրն ինքնըստինքյան աճում է: Բայց ամենակարեւորն այն է, թե պետությունը որքանով պետք է միջամտի տնտեսությանը: Կա մի սահման, որն անցնել չի կարող եւ այդ սահմանի սահմանման խնդիրն է, որ աղավաղում են անցումային շատ տնտեսություններ: Եվ երբ ստանում են վատ արդյունք, ստիպված են խոսել այն մասին, որ չկա պետության՝ տնտեսությանը միջամտելու անհրաժեշտություն եւ ավելի լավ է պետությունը զերծ մնա:

Ես դրան համամիտ չեմ: Եթե կառավարիչը կամ պետական ամբողջ ապարատը ճիշտ է մոտենում տնտեսության կառավարմանը, ստացվում են արդյունավետ լուծումներ: Պետք է լինի հարկերի օպտիմալ մակարդակ, որը չի վնասի տնտեսվարողներին: Մեր երկրում այդպես չի: Մեր երկիրը կառավարվում է հիմնականում ֆիսկալային քաղաքականության վրա՝ հնարավորինս շատ բարձրացնել հարկային տոկոսադրույքները, գտնել տարբեր ձեռնարկություններ՝ տարբեր մակարդակի տնտեսվարողների գրպանը մտնելու համար: Դրա արդյունքում էլ փոքր ու միջին ձեռնարկությունները, ինչպես նշեց հիմնական զեկուցողը, հազարներով փակվում են: Դա ոչ արդյունավետ տնտեսական կառավարման հետեւանք է:

Մյուս կողմից համաձայն չեմ առանց լավ հաշվարկված արտոնությունների դաշտի հետ, որովհետեւ պետությունը պետք է, ի վերջո, ունենա իր սոցիալական ծրագրերն իրականացնելու հնարավորություն: Դրա համար մոտեցումները պետք է լինեն հետեւողական, գնահատված, գիտականորեն փաստարկված, որպեսզի կարողանանք ճիշտ հարկային քաղաքականություն իրականացնել՝ հենվելով օրենքների եւ օրինականության վրա: Պետության ֆունկցիան հենց ճիշտ կառավարել կարողանալն է», – ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930