Ապրիլի 12-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ պատգամավորների, Երևանում հավատարմագրված դեսպանների ներկայությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
Ցուցահանդես-վաճառքն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Ելույթ ունենալով միջոցառման բացմանը` «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի ղեկավար Նատալիա Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ցուցահանդեսի կազմակերպմանը օժանդակության համար, բոլոր մասնակիցներին և աջակիցներին և նշեց, որ հիմնական հասույթը կնվիրաբերվի Երևանի թիվ 130 և 71 մանկապարտեզների վերանորոգմանը, իսկ հասույթի մի մասը՝ քեսաբահայերին:
Բացման արարողությունից հետո առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված տեսականուն, վարպետների աշխատանքներին, համտեսեցին տարբեր երկրների ազգային կերակրատեսակները:
Կարդացեք նաև
Ցուցահանդես-վաճառքի հինգ տասնյակից ավելի մասնակիցների թվում էին Հայաստանում հավատարմագրված քսան դիվանագիտական ներկայացուցչություն, ինչպես նաև մի շարք հայ արտադրողներ և արվեստի վարպետներ:
Միջոցառումն ունեցավ շուրջ չորս հազար այցելու:
Արտաքին գործերի նախարարություն