Ապրիլի 9-11-ը Բուենոս Այրեսում` Բորխեսի մշակութային կենտրոնի «Վիլյամս» սրահում, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել էին Բուենոս Այրեսի պետական համալսարանը, համալսարանին կից Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը:
Միջազգային համաժողովին մասնակցում էին Արգենտինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի համալսարանական, ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, այդ թվում Լոս Անջելեսի համալսարանի դասախոս, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Փարիզի գիտահետազոտությունների ազգային կենտրոնի Ռուսաստանի, Կովկասի և Արևելյան Եվրոպայի երկրների հարցերով ինստիտուտի դասախոս, սոցիոլոգ-պատմաբան Կլեր Մուրադյանը, Արգենտինայի «Սան Անդրես» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը, Թուրքիայի Բոգազիջի համալսարանի դասախոս Մեհմեթ Փոլաթելը, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Լատինական Ամերիկայում հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը և այլոք:
Միջոցառմանն ընթրեցվեց Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ «հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումն ինչպես բարոյական, այնպես էլ իրավական հարթության մեջ է, քանի որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը հանգեցնում է անպատժելիության մթնոլորտի ստեղծման, նոր ցեղասպանությունների և էթնիկ զտումների խրախուսման»: Անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչի կապակցությամբ նշվեց, որ «մեր օրերում նույնպես մենք ականատես ենք անհանդուրժողականության նոր դրսևորումների, որի հետևանքով փորձեր են կատարվում խնդիրների լուծմանը հասնել ուժի կիրառման, ահաբեկչության և բռնության միջոցով: Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքում տեղի ունեցող վերջին շրջանի իրադարձությունները լրջագույն մարտահրավեր են մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր սկզբունքներին: Ակնհայտ է այն փաստը, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, Ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Այս առումով ակնկալում ենք, որ Թուրքիայի իշխանությունները անհապաղ քայլեր կձեռնարկեն՝ ծայրահեղական խմբավորորմների կողմից Թուրքիայի տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար»:
Համաժողովի ընթացքում ձևավորվեցին մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք ներկայացրին հետազոտություններ, ինչպես նաև անցկացվեցին քննարկումներ ցեղասպանությանն առնչվող իրավական, քաղաքական, պատմական, ինչպես նաև բարոյական խնդիրների վերաբերյալ:
Միջազգային համաժողովի բացման օրը, ի պատիվ համաժողովի մասնակիցների, ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին նաև Արգենտինայի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Արտաքին գործերի նախարարություն