Սյունիքի մարզում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը նոր տարածքների ուսումնասիրման լայնածավալ ծրագիր չունի: Այս մասին օրերս լրագրողների հետո ունեցած հանդիպման ժամանակ նշեց ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Նա նաեւ հերքեց մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, որ Սյունիքում տարածքների 30 տոկոսը երկրաբանահետախուզական աշխատանքների համար տրված է «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը: «Մեր լիցենզիայի երկարացման ժամկետը եկել է եւ ուսումնասիրվող տարածքների 50 տոկոսը կվերադարձնենք կառավարությանը, քանի որ երկրաբանահետախուզական աշխատանքների թույլտվությունը երկարացնելու դեպքում, ըստ օրենքի, պետք է այդ տարածքների 50 տոկոսից հրաժարվես: Լիցենզիայի իրավասության մեջ հետախուզման համար մեր ամբողջ տարածքը կմնա 75 քառակուսի կմ, որը Շահումյանի հանքավայրին կից տարածքներն են: Դրանից դուրս որոշ նախնական հետաքրքրություններ ունենք Սյունիքից դուրս գտնվող տարածքներում, բայց դա շատ նախնական է, եւ մակերեսային են նայել մեր երկրաբաններն այդ տեղանքները», -Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց պարոն Ջաբրայանը: Նա նաեւ հավաստիացրեց, որ այս պահին ընկերությունը Սյունիքում ոչ մի տարածքի ուսումնասիրություն չի իրականացնում, իսկ մինչ այժմ ուսումնասիրված տարածքների արդյունքներից այդքան էլ գոհ չեն:
«Ե՛վ արդյունքները չբավականացրեցին մեզ, ե՛ւ լուրջ հորատում չարեցինք այդ տարածքում, ինչպես նաեւ հետաքրքրություն էլ չունենք, այս պահին ուզում ենք կենտրոնանալ մեր հանքի՝ մեր ունեցած պաշարների վրա, որպեսզի արդյունավետ ձեւով շահագործենք», -ավելացրեց «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Սյունիքի ամբո՛ղջ տարածքի 7.7 տոկոսը (350 քառ.կմ.) երկրաբանահետախուզական աշխատանքների համար տրված էր/է «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը: Իբր 75 քառ. կմ. քի՞չ է: Սյունիքի ամբողջ տարածքը ԸՆԴՀԱՄԵՆԸ 4506 քառ.կմ. է: Այսինքն՝ 75 քառ. կմ-ը ՀՍԿԱ տարածք է Սյունիքի համար:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցը հետևյալն է. Ո՞Վ,ե՞րբ և ՈՒ՞Մ փողերով պիտի մաքրվի/վերականգնվի «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությանը պատկանող (ու սխա՛լ կառուցված) Գեղանուշի պոչամբարը և մնացած թափոնները,երբ հանքը 8-10 տարի հետո փակվի՝ պաշարները վերջանալու կապակցությամբ: Ուստի՝ ՀՀ կառավարությունը ՀԻՄԱ (նաև) «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ-ի հետ պայմանագիր պիտ՛ի կնքի՝ հանքը փակվելուց հետո պոչամբարը/թափոնները մաքրելու/վերականգնելու պարտադրանքով և/կամ սրա համար գարձի ՀԱՏՈՒԿ ու իրատեսական հարկ:
ՀԳ.Ոչ՛ ոք Հայաստանում (ոչ մի բանի համար) ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ «շնորհակալություն» հայտնել որևէ հանքատերի. երբե՛ք: