Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսությունը արագ տեմպերով անկում է ապրում

Ապրիլ 12,2014 18:12

Ծաղկաձորում ոչ իշխանական չորս ուժեր շարունակում են «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով քննարկումները:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն ավարտել են ծրագրային ելույթները, որոնցից հետեւում է, որ հանրապետության տնտեսությունը արագ տեմպերով անկում է ապրում:

Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ, Վահագն Խաչատրյանը՝ ՀԱԿ եւ Ռուբիկ Հակոբյանը՝ «Ժառանգություն», նշեցին, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում տնտեսական, սոցիալական, հանրային կյանքին առնչվող այնպիսի անդառնալի գործընթացներ, որոնց հետեւանքով Հայաստանի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ պաշտոնապես դարձան աղքատներ, շուրջ 120 հազարը՝ ծայրահեղ աղքատներ:  Ահագնացող չափերի է հասել գործազրկությունը, օտարերկրյա ներդրումները կրճատվել են շուրջ 50%-ով, ահռելի չափերի է հասել արտագաղթը: Պաշտոնական տվյալներով, միայն 2012-2013 թվականներին հանրապետությունում փակվել են 3000-ից ավելի մանրածախ առեւտրի օբյեկտներ՝ խանութներ, կրպակներ, փոքր առեւտրի շուկաներ եւ այլն, որոնցում աշխատում էր առնվազն 20 հազար մարդ, իսկ դա նշանակում է, որ նրանք դարձել են պոտենցիալ արտագաղթողներ: Նույն վիճակն է տնտեսության մյուս ոլորտներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ, շինարարություն եւ այլն: Մանր եւ միջին ձեռնարկությունները, նաեւ խոշորների մի մասը, չեն դիմանում անհավասար մրցակցային պայմաններին ու դուրս են մղվում շուկայից: Ստացվում է, որ մարդու ողջ գիտակցական կյանքում տասնամյակների ընթացքում ստեղծածը՝ մտավոր, ֆինանսական եւ նյութական ներդրումներն ու ռիսկերը մեկ օրում, մեկ տարում ի չիք են դառնում:

Միքայել Մելքումյան: «Այսպիսի տնտեսական Հայաստան չի եղել նորանկախ մեր հանրապետության տարեգրության ընթացքում».O

Զեկուցողի բնութագրմամբ՝ նույնիսկ պատերազմի տարիներին Հայաստանի առջեւ ծառացել են ներքին եւ արտաքին բազմաթիվ մարտահրավերներ, որոնց գնահատումն ու դրանք ծնող պատճառների դեմ հավաքական պայքարն այլեւս այլընտրանք չունի: Ստեղծված իրավիճակը բնութագրում է պետական կառավարման ոլորտում իրականացվող ակնհայտ անարդյունավետ քաղաքականությունը, որն առավել արտահայտիչ է կառավարության դեպքում, որը ձախողել է իր իսկ հրապարակայնորեն հռչակած սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական նպատակադրումները՝ տնտեսական աճը, աղքատության էական նվազեցումը, համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական եկամուտների հավաքագրման մակարդակը եւ այլ խնդիրներ:

«Մենք այս ծրագրում քաղաքական որեւէ ուժի թշնամի չենք տեսնում»O

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով այսօր երկրում ստեղծված իրավիճակի գնահատականը եւ դրանից դուրս գալու՝ դաշնակցության տեսլականները, նշեց, սակայն, որ լինելով ընդդիմություն, իրենց նպատակը Հայաստանի տնտեսության զարգացումն ապահովելն է: Ներկայցվող ծրագրով փորձ է արվել քաղաքական բոլոր ուժերի ծրագրային դրույթներից ներառել արժեքավորը, ձեւավորելու մեկ ամբողջություն: «Անշուշտ, կուսակցությունների մեջ կա գաղափարախոսական տարբերություն: Մենք փորձել ենք այս ծրագիրը կառուցել ոչ թե տարբերությունների հենքի, այլ՝ միասնական մոտեցումների սկզբունքին համապատասխան»: Բանախոսի խոսքերով, ծրագրի փիլիսոփայությունը կառուցված է՝ կենտրոնում ունենալով մարդուն, Հայաստանի հանրությունը եւ պետությունը, հիմնված է մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հարգելուն եւ դրանք իրացնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու սկզբունքի վրա: Արծվիկ Մինասյանը առաջնային համարեց արհեստական մենաշնորհի դեմ պայքարը: Պետության պարտավորությունն է ազատ թողնել բոլոր տեղերը, որտեղ մարդը կարող է արարել եւ սահմանափակել բոլոր այն մեխանիզմները, որտեղ առկա է լինելու չարաշահումը, այդ թվում նաեւ՝ մենաշնորհը: Իսկ կոնկրետ գործիքը, որով առաջարկվում է հարկային քաղաքականության հստակ միջոց, ենթադրում է օրենսդրական եւ իրավական պրակտիկայում կոնկրետ քայլեր,այդ թվում նաեւ կառուցվածքային փոփոխությունների առաջարկներ: «Մենք այս ծրագրում Հայաստանի քաղաքական որեւէ ուժի, արտաքին պետության թշնամի չենք տեսնում, այլ տեսնում ենք հայաստանակենտրոն ծրագիր, որը բոլորին պետությունն այս վիճակից հանելու հնարավորություն է ապահովում», – ասաց ՀՀԴ ներկայացուցիչը:

Վահագն Խաչատրյան: «Հիվանդին դեղամիջոցներն այլեւս չեն փրկի»O

 

Ի տարբերություն Արծվիկ Մինասյանի, Վահագն Խաչատրյանի ելույթն ավելի շատ քաղաքական էր եւ կտրուկ: «Ստեղծված իրավիճակը պահանջում է մեկ լուծում՝ քաղաքական: Ցավոք սրտի, տնտեսական բոլոր հնարավորությունները, ռեսուրսները սպառված են: Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է խորը համակարգային՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական, հոգեբանական ճգնաժամի մեջ: Դա փաստ է: Այլեւս որեւէ նախաձեռնություն, որը նպատակ ունի փոխել ստեղծված իրավիճակը, այսօր գործող քաղաքական, տնտեսական հարաբերությունների պայմաններում մատնված է անհաջողության: Հիվանդին, տվյալ դեպքում, գոյություն ունեցող համակարգին՝ ավազակապետությանը, դեղամիջոցներն այլեւս չեն փրկի: Եկել է կտրուկ, անհետաձգելի վիրահատության ժամանակը: Եվ դա պետք է անել առանց հապաղելու, շտապ, որպեսզի հնարավոր լինի փրկել հիվանդին, կանխելով երկրի փլուզումը… Իշխանությունն իր քաղաքական, տնտեսական նպատակներից ելնելով, ծրագրված, կազմակերպված ձեւով  իրականացրել է պետության, պետական ինստիտուտների արժեզրկելու, սեփական քաղաքացիներին հուսալքելու, արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու քաղաքականություն: Հիմնավորեմ տնտեսությանն անդրադառնալով: Ի՞նչ է նշանակում պետության դեր: Ի՞նչ պիտի անի պետությունը: Ստեղծված իրավիճակում կա մի վտանգավոր ճանապարհ: Ստեղծված անհուսալի, անհեռանկարային իրավիճակում կարող է տպավորություն առաջանալ, որ այս ամենը պետության թուլության հետեւանք է: Եթե պետությունն ուժեղ լիներ, երկրի քաղաքացիների վիճակն անհամեմատ լավ կլիներ: Այս շփոթմունքը կա եւ պայմանավորված է պետությունը եւ իշխանությունը իրարից չտարանջատելու հանգամանքով: Եվ դա այն դեպքում, երբ իշխանության գործունեության գնահատականը տալիս պետք է գնահատել ամբողջ պետությունը: Այս առումով միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունը զբաղված է հակապետական գործունեությամբ: Ինչպիսի՞ն է պարտության մասնակցության չափը: Այսօր գոյություն ունեցող համակարգում այն չափազանց բարձր է՝ հաշվի առնելով նաեւ ստվերային կառավարվող տնտեսության չափը, որը մեր գնահատականներով հասնում է համախառն ներքին արդյունքի 40-60 տոկոսին: Տնտեսական համակարգը փոխելուն միտված ծրագրում պետք է զերծ մնալ պետության դերակատարությունը մեծացնելու գայթակղությունից: Պետք է հնարավորինս բացառել, կամ նվազագույնի հասցնել տնտեսական գործունեության գործընթացում պետության անմիջական մասնակցությունը», – ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930