Ապրիլի 10-ին Պարագվայի նախագահի «Լոպես» պալատում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսին։
Պաշտոնական արարողությունից հետո` 11 օտարերկրյա դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ, Օրասիո Կարտեսը ներկայացրեց երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և խոստացավ իր աջակցությունը բերել նորանշանակ դեսպաններին իրենց առաքելության իրականացման ընթացքում։ Առանձնակի կարևորելով առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ծավալումը` նա նշեց, որ փոխադարձ ճանաչման և հնարավորությունների ուսումնասիրման համար մեծ խթան կարող են հանդիսանալ տարբեր մակարդակներով փոխայցելությունները, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը։ Պարագվայի նախագահը հույս հայտնեց, որ նոր դեսպանների հավատարմագրումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը միտված գործնական քայլեր ձեռնարկելուն։
Հանդիպման ավարտից հետ Պարագվայի ազգային հերոսների պանթեոնում տեղի ունեցավ նորանշանակ դեսպանների կողմից ծաղկեպսակի զետեղման հանդիսավոր արարողությունը։
Արտաքին գործերի նախարարություն