Այսօր Արամի փողոցում մի շարք երեխաներ ներկայացրին իրենց պատկերացրած գունազարդ եւ հետաքրքիր մտոցները (լյուկ): Նախաձեռնությունն իրականացվում է «Երեւան Փրոդաքշնս» ընկերության կողմից նախաձեռնած «Հազար ու մի մտոց» միջոցառման շրջանակներում, որի նպատակն է անշուք եւ ժանգոտած մտոցները փոխարինել գեղեցիկ եւ կրեատիվ մտոցներով:
Aravot.am-ի հետ զրույցում «Երեւան Փրոդաքշնս»-ի տնօրեն Էդուարդ Այանյանը ասաց, որ նման գաղափարի միջոցով փորձում են դրական տրամադրություն հաղորդել մարդկանց: «Սրանից հեշտ բան չկա: Պետք է ներկ ու գաղափար: Եւ ժանգոտ այդ բլիթը վերածվում է հետաքրքրիր օբյեկտի, որը ձեզ համար դառնում է ավելի գրավիչ եւ ձեր օրը դարձնում է ավելի ուրախ»:
Միջոցառմանը ներկա էին ոչ միայն մտոցներ արտադրող ընկերություններ, ինչպիսիք են` «Նիկոլ Դումա» ԱԿ-ն, «Էներգապլաստ» ՍՊԸ-ն, այլեւ ներկայացուցիչներ` քաղաքապետարանից եւ Մշակույթի նախարարությունից:
«Մտոցներ արտադրող ընկերություններին հրավիրել ենք այստեղ: Նրանք կընտրեն երեխաների լավագույն էսքիզները, կծանոթանան հնարավորություններին, ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս իրականում կարելի է ձեւավորել մտոցները: Նրանք հետաքրքրված են, եւ մենք կառաջարկենք որոշակի գաղափարներ: Մենք ուզում ենք գաղափարը տալ եւ հետագայում օգնել, որպեսզի այն իրականանա: Եթե մտոցները մեկ անգամ լավ պատրաստեն, 70 տարի եւ ավել մնալու է. չի փչանում, քանի որ չուգունից ձուլած մտոցի կափարիչ է: Քաղաքի տարբեր հատվածներում մտոցները կաշխատեն եւ հետաքրքրություն կառաջացնեն մարդկանց մոտ»,- ասաց «Երեւան Փրոդաքշնս»-ի տնօրեն Էդուարդ Այանյանը:
Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ