«Այդ գումարները ենթակա չեն գանձման»,- այսօր ապրիլի 12-ին «Դեմ եմ» հավաքի ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանում նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ անկախ նրանից, ինչ օրենք է ընդունվելու մինչեւ սեպտեմբերի երեսունը գանձված գումարները ենթակա են վերադարձման, հետեւաբար՝ ոչ մի տրամաբանություն չկա, որ օրենքը գործի մինչեւ սեպտեմբերի երեսունը. «Պետական իրավական մարմինները պարտավոր են առաջնորդվել վեցերորդ կետով, որտեղ արձանագրված է, որ գերագույնը մարդու սեփականության իրավունքն է, որը ենթակա չէ գանձման»
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ երկու օր առաջ այն մարդկանց, ովքեր համրում են, որ մինչեւ սեպտեմբերի երեսունը պետք է գումարներ գանձվի, հրավիրել է բանավեճի, սակայն բոլորը հրաժարվել են: Նա նշեց, որ առաջիկայում ԱԺ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու են այն հարցերը, որ մինչեւ սեպտեմբերի երեսունը որեւէ գումար չգանձվի, վերադարձվեն գանձված բոլոր գումարները, եւ որեւէ ուժ գործատուների վրա չգործածվի:
Aravot.am-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գեւորգ Գեորգիսյանը նշեց, որ ցավում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը կա, բայց քաղաքացին ստիպված է պայքարել, որ այն կյանքի կոչվի: Անդրադառնալով՝ այսօր հանրահավաքի կես ժամով հետաձգմանը նա նշեց.
Կարդացեք նաև
«Շաբաթօրյակը շատ հետաքրքիր ստացվեց. Այն օրը, երբ մենք հայտարարեցինք, որ գործնական հավաք ենք ունենալու, հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նույն օրը շաբաթօրյակ է լինելու մինչեւ վեցը. Ես կյանքում չեմ տեսել այդքան երկար շաբաթօրյակ: Փաստորեն ստացվում է, որ մի քիչ քչացավ մարդկանց քանակը, բայց ինչպես տեսնում ենք՝ այդքան էլ քիչ չեն մեր աջակիցները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ